Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արսենալը» հաղթեց «Նապոլիին», Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում անգլիական «Արսենալը» հաղթեց իտալական «Նապոլիին»:

Լոնդոնի «Էմիրեյթ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց արսենալցիների ուելսցի հարձակվող Արոն Ռեմզին: 25-րդ րոպեին իտալացիների սենեգալցի պաշտպան Կուլիբալին փորձելով փակել մրցակցի հարվածի դեմը, ակամայից գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Հենց այդ երկու գոլերն էլ ի վերջո վճռեցին խաղի ելքը՝ 2:0:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հանդիումից առաջ հայտավորվել էր «Արսենալի» պահեստայինների թվում, խաղի 67-րդ րոպեին փոխարինեց Մեսութ Օզիլին: Ինչպես հայտնում են վիճակագիրները, նա կատարել է 10 փոխանցում, 6 մենամարտերից միայն մեկում է հաղթել, մրցակցի դարպասին ոչ մի հարված չի հասցրել:

Հավելենք, որ պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց, ապրիլի 18-ին, Նեապոլի «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի հետ նախկինում ոչ-ոքի էր խաղացել Իտալիայի ազգային թիմի հետ՝ 2:2: