Տրանսգենդերը ձեր ճշմարտությունն է. բանավեճ քահանայի և Ալեն Սիմոնյանի միջև
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ակցիայի մասնակիցները նրանից պահանջեցին, որպեսզի Ազգային ժողովի նախագահը՝ Արարատ Միրզոյանը նրանց հետ հանդիպի, սակայն փոխխոսնակը հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահը երկրում չէ: Ալեն Սիմոնյանը դիմելով ներկաներին, նշեց, որ ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը ԱԺ շենք մուտք է գործել օրենքի սահմանում: Ալեն Սիմոնյանը ցույց տվեց այն փաթեթը, որի մեջ գրված էր, թե ով կարող էր մասնակցել այդ քննարկմանը և որի տակ կար Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունը: Ալեն Սիմոնյանը ներկաներին կոչ արեց, որպեսզի որևէ քաղաքական ուժի դրա համար չմեղադրեն: «Սա Ազգային ժողովի նիստ չի, սա «Իմ քայլը» դաշինքի, Ազգային ժողովի և Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշում չի, սա և ՀՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշում չի»,- նկատեց Սիմոնյանը: Ակցիայի մասնակից Վահագն Չախալյանը ներկայացնելով ակցիայի մասնակիցների պահանջը, կարևորեց, որ պետք է օրենսդրական նախաձեռնություն լինի, որով Հայաստանում կարգելվի համասեռամոլության քարոզչությունը: Այնուհետև, Ալեն Սիմոնյանը մոտեցավ տեր Ղազար քահանա Պետրոսյանին: Փոխխոսնակի հարցը, թե ո՞վ է իրեն ուղղորդել գալ Ազգային ժողով, քահանային զայրացրեց, վերջինս դիմելով Ալեն Սիմոնյանին ասաց. «Ես եմ եկել, ինձ ո՞վ պիտի ուղղորդի, ես կամակատարի նմա՞ն եմ: Հարցը սիրուն չհնչեց»: Ըստ քահանայի՝ օրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցածը ժողովրդին ապականելու միտում ուներ: «Սա մեր Ազգային ժողովն է, իմ Ազգային ժողովն է, իմ ժողովրդի Ազգային ժողովն է»,-շեշտեց քահանան: Քահանան պահանջեց, որպեսզի ինքը մուտք գործի նիստերի դահլիճ և օրհնի այն ամբիոնը, որից օրեր առաջ ելույթ է ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը: Ալեն Սիմոնյանը նկատեց՝ հատուկ ընթացակարգ գոյություն ունի, հարմար լինելու պարագայում ինքը կքննարկի այդ հարցը: Սակայն, քահանային Ալեն Սիմոնյանի պատասխանը չգոհացրեց: Նրանց միջև բանավեճ սկսվեց: «Տրանսգենդերն է ձեր ճշմարտությունը, չեմ ընդունում ձեր ճշմարտությունը»,- վրդովված ասաց քահանան: Ալեն Սիմոնյանը շարունակեց՝ տրանսգենդերը ձեր ճշմարտությունն է: «Ուրեմն ձեր համար քրիստոնեությունը ոչ մի բան է հա, պիտի աշխարհիկ պետություն լինի, քահանան էլ ժողովուրդ չի»,- շարունակեց քահանան: Ալեն Սիմոնյանն էլ ասաց՝ հիշեք Հայաստանը աշխարհիկ պետություն է: «Հայաստանը չպիտի լինի աշխարհիկ պետություն, հերիք է Ֆրանսիայից թխած ինչ-որ բաներով առաջնորդվեք»,- շեշտեց քահանան: Ալեն Սիմոնյանը հավելեց, առաջարկված տարբերակները կքննարկվի և ակցիայի մասնակիցներին տեղյակ կպահեն: