Թեհմինա Վարդանյանը Մայր Աթոռին պաշտոնապես չի դիմել, բայց երախտիքի խոսքեր է ստացել (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա ապրիլի 1-ին շրջանառության մեջ է դրել 3 նախագիծ, որով առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի՝ Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացի փողոցների և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի անվան դիմաց ավելացնել Սուրբ բառը: Ավագանու անդամը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Մայր Աթոռին պաշտոնապես չի դիմել, բայց բազմաթիվ եկեղեցականների կողմից երախտիքի խոսքեր է ստացել նախաձեռնության համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Թեհմինա Վարդանյանի նախաձեռնությանը՝ գրել է, որ հոգեկան ուրախություն է ապրել, տեղեկանալով նախաձեռնության մասին: «Արդարև, կարևոր մի քայլ է, քանի որ լոկ մեկ բառի հավելմամբ ամբողջանում է կերպարը տվյալ պատմական անձնավորության, ինչպես նաև առանձնահատուկ կերպով ընդգծվում է մեր Ազգային Եկեղեցու իմաստուն տնօրինությունը»,- նշել է Տեր Ասողիկը : Նա նաև հավելել է, որ քաջալերում և իրենց լիակատար համերաշխությունն են հայտնում՝ որպես Երևանցի, որպես հայ քրիստոնյա, որպես հոգևորական: Ըստ Թեհմինա Վարդանյանի՝ փողոցների և պողոտայի անվան դիմաց Սուրբ բառը տուրիստական մեծ նշանակություն ունի: «Տուրիստը, երբ Երևանում է ու ցուցանակին տեսնում է Saint Mesrop Mashtots, նրան արդեն հետաքրքրում է՝ ո՞վ է եղել Մեսրոպ Մաշտոցը, նա որոշակի ծանոթանում է և՛ մեր պատմությանը, և՛ մեր եկեղեցու պատմությանը, և՛ մեր կրոնին: Այսինքն մենք լինելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, կարծում եմ այս հանգամանքները հաշվի առնելով, բարձր պիտի պահենք և՛ մեր պատմական արժեքները, և՛ եկեղեցու դերը հայ հասարակության մեջ»,- բացատրեց նա։ Ի դեպ, նախաձեռնությունը շատերի մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել: Մասնավորապես՝ օրեր առաջ «Ա1+»-ի խմբագրություն էր զանգահարել Մովսես Խորենացու փողոցի բնակիչ, որը հավանություն չի տվել նախաձեռնությանը և պատճառաբանել է, որ Սուրբ բառը ավելանալու պարագայում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են առաջանալու: Սրա առնչությամբ, Թեհմինա Վարդանյանը նկատեց, դա այդքան էլ էական չէ և կարգավորվող խնդիր է: Բայց չբացառեց, որ խնդիրեներ կարող են առաջանալ: «Փաստաթղթերում այս պահին, գուցե և վաճառքի, տեղափոխման պարագայում որևէ խնդիրներ առաջանան, ես անձնագրայինի փոխարեն չեմ կարող պատասխանել, ես նախագիծ ներկայացնողն եմ»,- հավելեց նա: