Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախատեսում են այս տարի ավարտել

Մարզեր

  ՙԵթե ծրագիրն ընթանա ըստ նախատեսված ժամանակացույցի, ապա այս տարի շատ համայնքներ բարեկարգ ճանապարհներով կկապվեն մարզկենտրոն Գյումրիին՚,- ասել է Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության վարչության պետ Մարզպետունի Մարգարյանը:

Մասնավորապես, այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել դեռ նախորդ տարվանից մեկնարկած Գյումրի - Կապս - Ամասիա ճանապարհի կառուցումը:

  Գյումրի - Կապս - Ամասիա ճանապարհի ընդհանուր երկարությունը քսաներեք կիլոմետր է, որից 11-ը կառուցվել է անցած տարի, իսկ մնացած աշխատանքները պետք է արվեն 2009 թվականին: Ծրագրի ավարտման համար հատկացվել է 300 միլիոն դրամ: Պարզվում է՝ Ամասիայի եւ շրջակա գյուղերի բնակչության բախտն այս տարի կրկնակի է բերել. հիմնովին կառուցվելու է նաեւ Առափի, Ողջի եւ Ամասիա համայնքները իրար կապող ճանապարհը: Ողջի գյուղի համար այս շինարարությունը առավել կարեւոր է, քանզի համայնքի ճանապարհը Հայկավանից հետո անցնում էր մի կամրջով, որը հաճախ սողանքի հետեւանքով դառնում էր անանցանելի:

  Պարոն  Մարգարյանը  նշեց, որ  շինարարական  աշխատանքները  սկսելիս  առաջին  հերթին  կարգի  է  բերվել  ճանապարհի  այդ  հատվածը:

  Մնացած հատվածը, մինչ վերջնական շահագործման հանձնելը, առայժմ ենթարկվում է փոսային նորոգման՝ այն ժամանակավորապես անցանելի դարձնելու համար: Պետբյուջեից շուրջ 250 միլիոն դրամ է հատկացվել Հառիճ - Նահապետավան, Մարմաշեն - Փանիկ - Անուշավան - Գետափ եւ Անուշավան - Արթիկ ճանապարհների բարեկարգման համար:

  ՙԱսֆալտապատվելու  է  նաեւ Մարալիկ քաղաքի գերեզմանատնից եկեղեցի  տանող ճանապարհը, որի  համար  հատկացվել  է  շուրջ 30 միլիոն դրամ: Ղազանչի - Գյումրի - Բավրա մայրուղու  համար  էլ  նախատեսվել  է  երկու միլիոն  դրամ՚, - հավելեց  Մարզպետունի  Մարգարյանը:

  2009 թվականին Շիրակի մարզում ծրագրեր է իրականացնելու նաեւ Համաշխարհային բանկը, որի միջոցներով բարեկարգվելու են մի շարք միջպետական, հանրապետական ու միջհամայնքային նշանակության ճանապարհներ: Իսկ մարզի այն ճանապարհները, որոնք չեն ընդգրկվել այս տարվա ծրագրերի մեջ, կբարեկարգվեն առաջիկա տարիների ընթացքում:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ