Թանգարան' տնակներում
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն 7 տարի է "Լոռի-Փամբակ" երկրագիտական թանգարանի աշխատակիցները մասնագիտական տոնը նշում են տնակային պայմաններում' ամեն տարի հույս ունենալով թե նոր շենք կտեղափոխվեն:
Դա միակ բանն է, որ խոստանում են վերադաս մարմինները, բայց այդպես էլ հարցին լուծում չեն տալիս:
Մեկ տարի առաջ կրկին թանգարանների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը թանգարանի 12 աշխատողներին խոոստացել է քարե շինություն տրամադրել, որից հետո Լոռու մարզպետարանի Քաղաքաշինության և ճարտարապետության վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել թիվ 3 հատուկ դպրոցի տարածքը ու տրամադրել թանգարանին :
"Աշնանը գնացել ենք նայել, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տարածքը չի համապատասխանում, հավելյալ շինարարական աշխատանքներ են անհրաժեշտ, եզրակացություն է եղել ինչ-որ գումար տրամադրելու, բայց նախագիծ չի եղել: Գործն այդքանով ավարտվել է",- ասում է Լոռու մարզպետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության մասնագետ Գագիկ Հախինյանը:
1938 թ-ից ի վեր, հիմնադրված օրվանից մշակութային այս կենտրոնն իր հիմնական շենքը չի ունեցել: 2002թ-ին կրկին մասնագիտական տոնի առթիվ թանգարանին հատկացվեց նախկին համաբուժարանի տնակային շինությունը, որն այսօր բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնեցնում աշխատողներին:
"34 հազարից ավելի ցուցանմուշ ունենք, ու այս ամենը մի փոքրիկ տարածքում, սա ավելի շատ պահեստի է նմանվում, քան թե թանգարանի",-ասում են թանգարանի գիտաշխատողները: Բացի այդ թանգարանում վխտում են առնետներն ու մկները, որոնք վտանգ է ներկայացնում նմուշների, հատկապես գորգերի ու կարպետների համար:
"Ես զարմանում եմ, ամեն ինչի համար շինություն կա,իսկ մեզ համար չկա, չէ որ սա ՀՀ-ի հանրապետության կարորագույն մշակութային կենտրոններից մեկն է, մեր պատմությունն է, ոնց կարելի է այդքան անտարբոեր լինել",-ասում է թանգարանի տնօրեն Նաիրա Առաքելյանը:
Նելլի Դավթյան