Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2009թ. տնտեսական մռայլ տարի կլինի»

Տնտեսություն

 

Համաշխարհային մակարդակով տնտեսական դրական աճ կլինի միայն 2010թ.-ին: Սակայն մինչ այդ պետք է «հաղթահարել» 2009թ.-ը, որը տնտեսագետների կողմից գնահատվել է իբրեւ մեծ ռեպրեսիայի տարիներից հետո ամենածանր, վատթարագույն շրջանը:
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ չկան հաղթողներ կամ տուժողներ. բոլորը պետք է միասնական ուժերով պայքարել դրա դեմ»,- այսօր հայտարարեց AVAG Solutions-ի գլխավոր խորհրդական, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը' «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ:

Քննարկման բոլոր մասնակիցները միահամուռ ընդգծում էին, որ Հայաստանի «բախտ»-ը ճգնաժամի պայմաններում այնքանով է բերել, որ այն առավել նվազ չափով է ներգրավված միջազգային տնտեսական եւ ֆինանսական շուկաներում: Այդ պատճառով ճգնաժամի 1-ին փուլն այնքան էլ շոկային չէր ՀՀ համար եւ այն հաջողությամբ հաղթահարվեց: Իսկական փորձությունը սպասվում է հենց այս տարի:

Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը, վերլուծելով եւ համեմատելով ՀՀ-ի տնտեսական վիճակը տարածաշրջանի մյուս երկրների հետ, նկատեց, որ Հայաստանը համեմատաբար բարվոք վիճակում է, թեեւ տնտեսության տարբեր ճյուղերում կրճատումները զգալի են: Ըստ ԱՄՀ կատարած ուսումնասիրությունների' 2008թ. վերջին եւ 2009թ. առաջին եռամսյակներում զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպը խորը անկում է ապրել եւ հատկապես նվազել է համաշխարհային առեւտրի ծավալը: 2009թ. Կանխատեսումներով' ԱՄՀ-ն ակնկալում է, որ 0,5-1 տոկոսի չափով տնտեսական նվազում կլինի: «Սա վատագույն տնտեսական կանխատեսումն է, որ երբեւիցե ԱՄՀ-ն արել է իր ստեղծման օրվանից ի վեր: 2009թ. շատ մռայլ տարի կլինի աշխարհի համար»,- իր խոսքում ընդգծեց Մասուդ Ահմեդը:

ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն էլ ընդգծեց, որ Հայաստանի համար դրականն այն է, որ չունենք արագ ետ կանչվող արտաքին պարտքեր: Սա, ըստ նրա' բերում է «բավականաչափ մեծ ամրության պաշար»: ՀՀ բանկերն, ըստ նրա' ունեն կապիտալի ամրության 27 տոկոս: Թեեւ մեր բանկերն էլ, ինչպես ամբողջ աշխարհում, վարում էին վարկային զգուշավոր քաղաքականություն: Դա ըստ ԿԲ փոխնախագահի' միկրոտնտեսական անորոշության եւ շուկայի սպասումների արդյունք էր:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ասելով' ճգնաժամի բացասական հետեւանքներից մեկն այն էր, որ արտահանումն այժմ իրականացվում է կանխավճարով, որն էապես ազդում է տնտեսական աճի տեմպերի վրա: Ներքին տնտեսության հիմնական խնդիրներն էլ, ըստ նրա' գալիս են շուկայի սպասումներից, հատկապես սպառողական եւ շինարարության բնագավառում:

«Փակ շրջանի մեջ ենք, որքան էլ, որ ասենք' ունենք կայուն բանկային համակարգ: Արագ վարկավորման խնդիր կա: Հատկապես սպառողական վարկերի տրամադրման տեմպի անկումը ես չեմ հասկանում. չէ՞ որ կա եւ առաջարկ, եւ պահանջարկ»,- ասաց նա'ավելացնելով, որ ճգնաժամը թեթեւ հաղթահարելու համար նաեւ անհրաժեշտ է վերանայել «Ներդրումների մասին» օրենքը, ինչպես նաեւ' անհրաժեշտ է քաղաքական կամք: