Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղծվում է հիփոթեքային օպերատոր

Տնտեսություն

ՀՀ-ում մոտ մեկ ամսից ստեղծվելու է Հիփոթեքային Ընկերություն` հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատոր:

Հիփոթեքային Ընկերությունը ստեղծվելու է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի հիման վրա` որպես վարկային կազմակերպություն: Ընկերության նախնական հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը, որը կներդնի 5 մլրդ դրամ, ապա Հիփոթեքային ընկերության կապիտալում ներդրում կարող են իրականացնել ՀՀ Կառավարությունը, ֆինանսական ինստիտուտները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ) և միջազգային հեղինակավոր ներդրողները, որոնց մասնակցությամբ նախատեսվում է տարեվերջին հիմնադրամի կապիտալն ավելացնել մի քանի անգամ:

Հայաստանի Հանրապետությունում Հիփոթեքային Ընկերության` հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատորի հիմնադրմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նպատակ են հետապնդում ստեղծել արդյունավետ ֆինանսական ենթակառուցվածք բնակարանային ապահովվածության խնդիրների լուծման համար:

Վերջինս արժեթղթերի թողարկման միջոցով ձևավորելու է երկարաժամկետ փողեր, որոնք ուղղվելու են հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

Հիփոթեքային ընկերությունը, բացի վերոնշյալ` մասնավոր հատվածի վերաֆինանսավորումից, իրականացնելու է նաև սոցիալական բնակարանային ապահովվածության ծրագրերի վերաֆինանսավորում:

Հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: