Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարերարը սպասում է ծրագրի

Տնտեսություն

 

"Արագած" կինոթատրոնի հարակից տարածքում երկար ժամանակ է, ինչ շինարարական աշխատանքներ են ընթանում: Աջափնյակ համայնքի բնակիչների աղոտ տեղեկություններով` այստեղ տեխնոպարկ է լինելու, իսկ թե ինչ է իրականում կառուցվում, պարզաբանեց "Հայաստանի ազգային մրցունակության" հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:
Նրա ներկայացմամբ` այստեղ, ըստ էության` կլինի կրթական կոմերցիոն կենտրոն, որտեղ կրթական օբյեկտներից բացի, կլինեն նաեւ ռեստորան, կինոթատրոն, հետազոտական աշխատանքներ կատարող կազմակերպությունների գրասենյակներ եւ այլն: Սա, ըստ նրա` ամենայն հավանականությամբ կունենա ամերիկյան մեծ համալսարանների մոդելը:
Կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող այս տարածքում հողակտոր է գնել սփյուռքահայ բարերար Սեմ Սիմոնյանը: Այստեղ նա սկսել է 6 հարկանի 5 շենքից բաղկացած համալիրի կառուցումը: Շենքերից մեկն արդեն աշնանը կհանձնվի շահագործման: Մյուս շենքերի շինարարական աշխատանքները, Փափազյանի ասելով` կախված կլինի նրանից, թե ՀՀ Կառավարությունն ու "Հայաստանի ազգային մրցունակության" հիմնադրամը կրթական ինչ հետաքրքիր ծրագիր կներկայացնեն: Ինչպես նաեւ` դա կախված կլինի նրանից, թե հիմնադրամն ու կառավարությունը լրացուցիչ ինչ ֆինանսաական միջոցներ կգտնի:
Այս մասին ՀՀ վարչապետի եւ Մրցունակության հիմնադրամի տնօրենի հետ հանդիպման ժամանակ ասել է բարերարը` հայտարարելով, որ պատրաստ է այդ համալիրն ամբողջությամբ, իր եկամուտներով հանդերձ տրամադրել ՀՀ-ին` առանց անձնական շահույթ հետապնդելու, միայն թե այդ ծրագիրն իրականանա: "Նա մեզ դրանով մարտահրավեր է նետել` ծրագիր ներկայացրեք եւ դրա ֆինանսավորումը կա: Այդ պատճառով մեր հիմնադրամն այժմ համագործակցում է ՀՀ ԿԳՆ-ի հետ` ստեղծելու համար այնպիսի մի ծրագիր, որն արժանի կլինի իրագործել այդ համալիրում",- "Ա1+"-ի հետ զրուցում ասաց Փափազյանն: Ի դեպ, ՀՀ ԿԳՆ-ի հետ արդեն մի ծրագրի նախագիծ ունեն, որը կոչվում է համահայկական համալսարան:
Համալիրը դեռեւս անուն չունի. այն կրում է "Թումանյան այգու կրթական համալիր" պայմանական անունը:Արդեն կառուցված շենքում ավարտին են հասցվում ներքին բարեկարգման աշխատանքները: Նրա առաջին 2 հարկերում արդեն հիմնվել է երիտասարդական ստեղծագործական տեխնոլոգիաների կրթական կենտրոնը, որի բացումը տեղի կունենա աշնանը:
Քանի որ նմանատիպ լայնածավալ ծրագրերի իրագործումը բավականին երկար ժամանակ է պահանջում, ապա ըստ Փափազյանի` իրենք կկարողանան շրջանցել նաեւ ֆինանսական ճգնաժամը եւ շուկա մտնել արդեն հետճգնաժամային փուլում: "Լավատես ենք եւ գտնում ենք, որ սա շատ ռեալ կոմերցիոն ծրագիր է",- կարծում է Փափազյանը: