Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ Պետդուման դեռ չի հաստատել 500 միլիոն դոլարի վարկը

Տնտեսություն

ՌԴ-ի կողմից ՀՀ-ին նախատեսված 500 միլիոն ԱՄՆ դոլարի մասին փետրվարի 7-ի հաղորդագրությունը անհետացել էր ՀՀ ֆինանսների նախարարության կայքից: Նախարարության մամլո քարտուղար Իրինա Այվազյանն այսօր «Ա1+»-ին տեղեկացրեց, որ դա զուտ տեխնիկական խնդիր է. «Տեխնիկական պատճառներով այդ հաղորդագրությունը դուրս է մնացել մեր կայքից: Մենք առաջիկա 10 րոպեների ընթացքում այդ հաղորդագրությունը կվերականգնենք»:

Նա «Ա1+»-ին նաեւ վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե ՌԴ-ի նախատեսած 500 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը Հայաստան չի հասնելու. «Պայմանագիրը կստորագրվի ապրիլի վերջին եւ գումարները կստանանք մայիսի վերջին կամ հունիսի սկզբին»:

Բայց միաժամանակ նա հաստատեց, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին » համաձայնագիր ՌԴ Պետդումայում դեռ չի հաստատվել. «Տնտեսական ճգնաժամի հետ կապված ՌԴ-ն իր պետական բյուջեն փոփոխության է ենթարկում եւ դրա համար էլ վարկի տրամադրումը հետաձգվում է»:

ՌԴ-ի կողմից ՀՀ-ին 500 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրման շուրջ աղմուկն ու ոգեւորության մարումը տնտեսագետ Բագրատ Ասատրյանը պատահական չի համարում:

«Արդեն մեկ ամսից ավել է' որեւէ տեղեկատվություն չկա այդ մասին: Ես կարծում եմ, որ այդ վարկի մասին մոռացել է նաեւ ռուսական կողմը: ՌԴ Պետդումայի' իր բյուջեն վերանայելու ընթացքում ՀՀ-ին տրամադրելիք վարկի մասին որեւէ խոսք չի եղել», այսօր «Ա1+»-ին ասաց պարոն Ասատրյանը: Նա համոզվածություն ունի, որ այդ վարկը ՌԴ-ն տրամադրելու էր ոչ թե ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատերերն, այլ ՀՀ-ում գործող ռուսական ձեռնարկություններին.«Այդ վարկը բնավ էլ նվեր չի: Այն բավականին ծանր շուկայական պայմաններով տրվող վարկ էր, որի համար մեր սերունդները պետք է պատասխան տային»:

Կարելի է ասել, որ այդ վարկի չտրամադրումը հաջողությո՞ւն է հայկական կողմի համար' «Ա1+»-ի հարցին' պարոն Ասատրյանը դրական պատասխանեց:

Հիշեցնենք, որ ըստ երկու երկրների միջեւ նախաստորագրված համաձայնագրի' ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ' ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը այսօր նաեւ նշեց, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում բոլոր ապրանքատեսակների գների աճը անխուսափելի է' կապված գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի թանկացման հետ:

Ի դեպ, «Ա1+»-ի հետ զրույցից 10 րոպե հետո ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հայտնվեց ՌԴ-ի կողմից ՀՀ-ին 500 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրման մասին հաղորդագրությունը: