Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջինը ձեռնտու է Ռուբեն Հայրապետյանին»

Տնտեսություն

ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը գնել է «Բջնին», սակայն ոչ ջուր արտահանելու իրավունքը: Ուստի. ««Բջնի» գործարանի գույքի եւ գույքային իրավունքների աճուրդ-վաճառքը Վարչական դատարանի կողմից չեղյալ հայտարարելը առաջին հերթին ձեռնտու էր գնորդին»,-այսօր «Ա1+»-ին ասաց «Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը:
Իր տեսակետը փաստաբանը հիմնավորեց հետեւյալ կերպ. «ԴԱՀԿԾ-ն վաճառել էր ոչ միայն գույքը, այլեւ գույքային իրավունքները, սակայն հանքարդյունահանող օրենքի չիմացության պատճառով ԴԱՀԿԾ-ն չէր դիմել լիազոր մարմնին եւ չէր ստացել նախնական թույլտվություն: Այսինքն` գնելով «Բջնիի» գույքը, գնորդը չուներ ջրի արտահանման իրավունք: Արտահանման իրավունքը շարունակում էր մնալ «Բջնի» ընկերությանը: Իսկ օրենքը հստակ ասում է, որ պայմանագիրը, հանքային իրավունքների գործարքն առ ոչինչ է, եթե գնորդը չի ունենալու հանքարդյունահանման հնարավորություն»:
«Բջնիի» աճուրդից հետո Սուքիասյանները դիմել են լիազոր մարմնին եւ պարզվել է, որ գնորդը` Ռուբեն Հայրապետյանը չունի ջրի արտահանման իրավունք, քանի որ օրենքի պահանջով այդ թույլտվությունը պետք է ստանար նախքան «Բջնին» աճուրդով գնելը: Արա Զոհրաբյանը գտնում է, որ ԴԱՀԿԾ-ի` օրենքի չիմացության պատճառով` Ռուբեն Հայրապետյանը խնդիր էր ունենալու:
Վարչական դատարանի վճիռը կարող է բողոքարկվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, այսինքն մինչեւ ապրիլի 19-ը:
«Վճիռը չբողոքարվելու դեպքում ԴԱՀԿ-ն պետք է դիմի սնանկության համար, եւ ընկերության գույքը գնորդից կվերցնեն եւ կվերադարձվի սեփականատիրոջը եւ կսկսվի սնանկության գործընթացը»,- «Ա1+»-ին ասաց Արա Զոհրաբյանը:
«Բջնիի» հետագա ճակատագրի վերաբերյալ աճուրդը չեղյալ հայտարարվելուց հետո հանդես եկավ նաեւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նրա խոսքով, աճուրդը անվավեր համարվելը չի նշանակում, թե ամեն ինչ վերադարձնում է իր նախկին դիրքին: Անկախ պաշտոնյանների հայտարարություններին` փաստաբան Զոհրաբյանը գտնում է, որ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո «Բջնին» մեկ ճանապարհ ունի` սնանկության:
Հիշեցնենք, որ «Բջնին» կրկնաճուրդով վաճառվել էր փետրվարի 5-ին` 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ մեկնարկային գնով: