«Հիփոթեքն այսօր առաջնահերթ չէ»
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանյան բանկերը վերջին շրջանում անցել են վարկային զգուշավոր քաղաքականության: Բացառություն չի կազմում նաեւ' «Յունիբանկ»-ը:
Բանկն հատկապես զգուշավոր է հիփոթեքային շուկայի վարկավորման դեպքում:Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հայաստանյան «Յունիբանկի» խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը' նրանց դիտարկումներով հիփոթեքային շուկան ռիսկային ուղղությունների շարքում է: Այդ պատճառով իրենք սահմանափակել են այս շուկայում վարկերի տրամադրումը եւ միայն գնահատելով հաճախորդի ռիսկայնությունը' վարկավորում են նրանց, որոնք ունեն մշտական, կայուն շահույթի աղբյուր' մշտական աշխատավայր, փոքր բիզնես եւ այլն: «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք պետք է ավելի հավասարակշիռ ու զգույշ լինենք, որպեսզի խուսափենք նաեւ սպեկուլյացիոն ներդրումներից: Հիփոթեքային շուկան հիմա շատ թույլ է զարգանում եւ եթե նախկինում 5-10 տարվա համար 13-14 տոկոս էր հիփոթեքը, երբեմն նույնիսկ 15 տոկոս, ապա այժմ արդեն' 18 տոկոսից ոչ պակաս է».-նշեց Զաքարյանը:
Նրա կարծիքով' այնուամենայնիվ, դժվար կլինի այժմ վճարել հիփոթեքի վարկային տոկոսները, որոնք բավականին լուրջ թվեր են: Ինչպես նաեւ, ըստ Զաքարյանի, ճգնաժամի պայմաններում հիփոթեքն առաջնահերթ խնդիր չէ:
Ոչ միայն հիփոթեքային, այլ մյուս բոլոր շուկաներում տոկոսադրույքները բարձրացել են: Զաքարյանի վստահեցմամբ' իրենք ստիպված էին մի փոքր բարձրացնել տոկոսադրույքները, քանի որ շուկայում դեպոզիտների բարձրացում էր տեղի ունենում: Պատճառն այն էր, որ գումարային ծավալները նվազում էին եւ արդյունքում մրցակցությունը ստիպում է բանկերին բարձրացնել դեպոզիտների տոկոսադրույքները: «Սա շուկայական երեւույթ է. շուկան ինքը պետք է ձեւավորի այդ պարամետրերը»,-կարծում է Հայաստանյան «Յունիբանկի» խորհրդի նախագահը:
Մեր այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ մեզ մոտ տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան այլ երկրներում, Զաքարյանը պատասխանեց, որ դրա համար պետք է հաշվի առնել այն, որ ԱԱՀ-ի եւ տնտեսական աճի տեմպերը բավականին բարձր էին մեր երկրում: Այն իր հերթին ազդում էր սղաճի եւ բնակարանների գնի աճի վրա, դրա համար էլ վարկային տոկոսադրույքներ, ըստ նրա' բարձր են: «Տոկոսադրույքները մեր երկրում մի փոքր ավելին են, քան այլ երկրներում, բայց, ի դեպ, ոչ ավելի, քան Ռուսաստանում»,- վստահեցնում է Գագիկ Զաքարյանը:
Իսկ թե արդյոք տոկոսադրույքները կնվազե՞ն, թե ոչ, Զաքարյանը դարձյալ շատ զգուշավոր պատասխան տվեց. «Պետք է սպասել եւ տեսնել: Միգուցե հնարավոր լինի, եթե տնտեսությունն ավելի շատ հնարավորություններ ունենա:
«Յունիբանկ»-ը պլաստիկ քարտերով կշարունակի վարկավորել սպառողական շուկան, որպեսզի, ըստ Զաքարյանի' այս դժվարին օրերին ոչ մեծ գումարներով աջակցի կայուն շահույթ ունեցող անձանց: