ՀԱՅՏՆՎԵՑ «ԲՋՆԻԻ» ԳՆՈՐԴ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայտնվել է մեկը, ով պատրաստ է գնել «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքն ու գույքային իրավունքները: Ավարտվեց աճուրդը, եւ Սուքիասյաններին պատկանող ընկերությունը ձեռք կբերի հենց նա, ով աճուրդի ավարտից կես ժամ առաջ գնելու առաջարկ է արել: Նա առաջարկել է 4 441 500 000 դրամ: Կրկնաճուրդի մեկնարկային գին է սահմանված 4 441 358 000 դրամը:
«Ա1+»-ը ԴԱՀԿԾ-ից փորձեց ճշտել առաջարկ անողի անունը, սակայն մեզ փոխանցեցին, որ օրենքով իրենք իրավունք չունեն բացահայտել գնորդին:
Հիշեցնենք, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը առաջին անգամ աճուրդի էր դրվել հունվարի 23-ից, այնուհետեւ տասնօրյա ժամկետում գնորդ չլինելու պատճառով գինը 10 տոկոսով նվազեցվել էր եւ կրկին դրվել աճուրդի: Աճուրդով վաճառքի է հանված ընկերության «Բջնի» գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշների իրավունքը: