Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿԾ-ՈՒՄ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԼԻՆԻ «ԲՋՆԻԻ» ԳՆՈՐԴ

Տնտեսություն


1 ժամ 18 րոպեից կավարտվի «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքի ու գույքային իրավունքների աճուրդի վերջնաժամկետը, սակայն որեւէ մեկը ընկերությունը գնելու ցանկություն հայտնել:


Իսկ դա նշանակում է, որ առաջարկների բացակայության պարագայում Սուքիասյան ընտանիքին պատկանող ընկերությունը կրկին կդրվի աճուրդի, սակայն մեկնարկային գինը կնվազի 10 տոկոսով: Իսկ ԴԱՀԿ ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ մինչեւ վերջին րոպեն չի բացառվում, որ առաջարկ կարող է լինել:


Հիշեցնենք, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը առաջին անգամ աճուրդի էր դրվել հունվարի 23-ից, այնուհետեւ տասօրյա ժամկետում գնորդ չլինելու պատճառով գինը 10 տոկոսով նվազեցվեց եւ կրկին դրվեց աճուրդի: Աճուրդով վաճառքի է հանված ընկերության «Բջնի» գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշների իրավունքը:


Ավելացնեն, որ այս ընթացքում «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Լաերտ Հարությունյանը դիմել էր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին` միջնորդելով կասեցնել «Բջնիի» վերաբերյալ կատարողական վարույթը, քանի որ աճուրդով ներկայացվելիք մեկնարկային գինը ցածր է լինելու պահանջի չափից:


Կրկնաճուրդի մեկնարկային գին է սահմանվել 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամը, որը 492 մլն 485 հազար 264 դրամով պակաս է չկայացած աճուրդի մեկնարկային գնից: Այն ժամանակ մեկնարկային գին էր սահմանված 4 միլիարդ 934 միլիոն 843 հազար 264 դրամը: