«ԴՐԱՄԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԾԱՆՔ ՉԷ»
Աջակցիր «Ա1+»-ին
Եթե ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ հիմա ճիշտ քաղաքականություն վարի, ապա մենք կարող ենք հաղթող դուրս գալ այս տնտեսական ճգնաժամից: Նման համոզման է Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանը:
«Փոխարժեքի անկում պետք է լինի: Սրա պահպանումը ճիշտ քաղաքականություն չի, որովհետեւ չի նպաստում մեր ներքին իրական հատվածի զարգացմանը: Այս իմաստով մենք պրոբլեմներ ունենք եւ կունենանք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա` Հայաստանի փոխարժեքային քաղաքականությունը չի նպաստում արտահանման ճյուղերի արդյունավետության բարձրացմանը. «Այստեղ եւս ունենք թե դրամավարկային, թե ֆիսկալ քաղաքականության բարելավման խնդիրներ: Դրամը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենակայուն ազգային արժույթը, եւ չեմ կարծում, որ սա այն օրինակն է, որով մենք պետք է պարծենանք: Սա մեր տնտեսության ներուժը կտրականապես նվազեցնում է»:
Տնտեսագետը պնդում է, որ ճգնաժամի պայմաններում, որպեսզի կառավարությունը նպաստի արտահանման ծավալների ավելացմանը, պետք է լողացող փոխարժեքի քաղաքականություն վարի, այլ ոչ թե` մասնակի վերահսկվող:
«ԿԲ վարում է որոշակի քաղաքականություն, ինչ-որ առումով հիմնավորված, բայց թիրախը, ըստ իս, ճիշտ չի ընտրված: Պետք է հնարավորինս աշխուժացնել արտահանողների եւ ներքին արտադրողների, այդ թվում ներմուծման փոխարինող կլաստերների գործունեությունը: Այս իմաստով խիստ անհրաժեշտ է չմիջամտելը, այսինքն` ԿԲ միջամտությամբ թույլ չտալ, որ դրամը կայուն պահպանվի»,- ասաց նա: