ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎՆ ՕՐ-ՕՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ին
«Հայաստանում գործազրկությունն ավելի շատ կանացի ուղղվածություն ունի»,- «Ա1+»-ի հետ զրույցում փաստում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանն` բացատրելով ասասծը հետեւյալ կերպ. գործակալությունում հաշվառված տղամարդկանց թիվն ավելի քիչ է: Եթե 2008թ. կանանց գործազրկությունը կազմում էր 75 տոկոս, ապա այս տարվա հունվարին արդեն տոկոսը կրճատվել է «ի օգուտ» գործազուրկ տղամարդկանց թվի ավելացման` կազմելով 73 տոկոս:
Հատկապես տնտեսական ճգնաժամի հետեւանքով աշխատանքից ազատումներով եւ կրճատումներով պայմանավորված` գործակալությունը հունվարից իր վերլուծությունները կատարում է օպերատիվության սկզբունքով` անհրաժեշտ ինֆորմացիան թարմացնելով ամեն օր, ամեն ժամ: Այսպես` փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 92 400 անձ, որոնցից գործազուրկի կարգավիճակ ստացել է 75 700-ը: Բոլոր այս անձինք իրենց նախասիրություններում նշում են, որ նախընտրում են մասնագիտությանը համապատասխան եւ բարձր աշխատավարձով աշխատանք:
Գործակալությունում հաշվառված գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում ինժեներները, ուսուցիչները, բուժքույրները, վարորդները: Պետք է նշել, որ այս մասնագիտությունների դեպքում մի մարզում պահանջարկ կա, մյուսում` ոչ: Երեւանում եթե գործազուրկների շարքում կան բժիշկներ, ապա մարզերում բժիշկի պահանջարկ կա: Երեւանում ամենից շատ կա բանվորական մասնագիտությունների պահանջարկ` խառատներ, ֆրեզերագործներ, վարորդներ, կոյուղագործներ, փականագործներ, էլեկտրագազաեռակցողներ եւ այլն:
Սովորաբար, ըստ գործակալության պետի` ձմռան ամիսներին աշխատանք փնտրողների թիվը նվազում է եւ միայն մարտ-ապրիլ ամիսներից աստիճանաբար սկսում է աճել: Սակայն այս տարի աշխատանք փնտրողների թիվն արդեն աճել է, այդ թվում աճել է նաեւ գործազրկության նպաստ ստացողների թիվը: Տիկին Հարությունյանն, ի դեպ, հիշեցնում է, որ նպաստը պետք է դիտել միայն իբրեւ աշխատանք փնտրելու ժամանակավոր միջոց, այլ ոչ թե ընտանիքի եկամուտ, ինչն հաճախ է պատահում:
Գործակալության տվայլներով`վերջին 3-4 ամիսների ընթացքում մի շարք հիմնարկ-ձեռնարկություններից տարբեր պատճառներով աշխատանքից ազատվել է 1506 անձ, կրճատման ծանուցում է ստացել 2283-ը, իսկ հարկադիր պարապուրդում է գտնվում 1382 անձ:
Աշխատանքից զրկվել են հատկապես լեռնահանքարդյունաբերության եւ գիտատեխնիկական ոլորտի աշխատակիցները:
Սյունիքի մարզում, օրինակ` կրճատման ծանուցում ստացած անձանց թիվը 969 է, որից 550-ը` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Լոռիում 84 անձ աշխատանքից ազատվել է միայն Ալավերդու «Արմենիան Քափր Փրոգրամ»-ի կողմից:
Կոտայքի մարզում աշխատանքը կորցրած անձինք 516-ն են, որոնցից 439-ը «Բջնի» գործարանից: Տավուշում 16 անձ կրճատվել է «ԱրմենՏել» ընկերությունից, իսկ 26-ը` «Իջեւանի բժշկական կենտրոնից»: Իսկ Երեւանում «Լայքս» ՓԲԸ-ում աշխատանքից ազատման ծանուցում է ստացել 208 անձ:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում աշխատանք փնտրողների թիվը մեծացել է` ի հաշիվ նախորդ տարիներին արտագնա աշխատանքի մեկնողների, որոնց թիվը հատկապես մեծ է Գեղարքունիքի մարզում: Ըստ տիկին Հարությունյանի` զբաղվածության պետական բոլոր 12 ծրագրերը ընթացքի մեջ են: Հունվարին աշխատանքի է տեղավորվել 476 անձ , իսկ 480 գործազուրկներ ընդգրկված են մասնագիտական ուսուցման ծրագրերում: