Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉ Է ՌՈՒԲԼՈՒ ԳՈՏԻՆ` ԸՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ

Տնտեսություն


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հերքել է Հայաստանը «ռուբլու գոտուն» միանալու մասին շրջանառվող լուրերը: «Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ֆինանսական հաշիվներն իրականացվեն ազգային արժույթներով, ոչ թե դոլարով կամ եվրոյով, քանի որ դա հանգեցնում է արտարժութային ռիսկերի դիվերսիֆիկացման եւ կրճատում գործարքավարական ծախսերը»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը` փորձելով հստակեցնել «Միր» միջպետական հեռուստաընկերության եթերում արված իր հայտարարությունները` ԱՊՀ տարածքում միասնական տարադրամի ներդրման մասին:


Որքանո՞վ են իրատեսական Հայաստանի ռուբլու գոտու անցնելու մասին լուրերը` հարցին ի պատասխան` վարչապետը նշել է, որ նախ անհրաժեշտ է պարզել, թե ինչ է նկատի առնվում «ռուբլու գոտի» ասելով.


«Եթե «ռուբլու գոտի» հասկացության տակ նկատի են առնվում այն երկրները, որոնք Ռուսաստանի հետ առեւտրային գործարքներում որպես հաշվարկային արժույթ օգտագործում են ռուբլին, ապա դա բավականին իրական հեռանկար է: Իսկ եթե հասկանում են Եվրոգոտու սկզբունքով երկրների միավորումը, ապա այսօր այդ մասին խոսելը վաղաժամ է»:


Միաժամանակ վարչապետը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը 3 տարի առաջ որոշում է ընդունել ռուբլին` որպես պահուստային արժույթ օգտագործելու մասին, եւ դիմել է Միջպետական բանկին` առաջարկելով ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերի համար ստեղծել ռուբլու գործիքներ.


«Այնպես որ մենք առաջիններից մեկն էինք, որ սկսեցինք ռուբլին որպես պահուստային արժույթ օգտագործեն: Գոյություն ունեն օբյեկտիվ ցուցանիշներ, որոնք Կենտրոնական բանկերը հիմք են ընդունում` երկրի արտաքին ռեզերվում այս կամ այն արժույթի տեսակարար կշիռը հաշվարկելիս»:


Վարչապետը նաեւ թվարկել է, թե ինչն է հիմք ընդունվում այս կամ այն արժույթի տեսակարար կշիռը հաշվարկելիս:


«Մասնավորապես` հիմք են ընդունվում արտաքին պարտքի կառուցվածքը` ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, ինչպես նաեւ գործընկեր երկրների հետ առեւտրային գործարքների ծավալը եւ այդ դեպքում օգտագործված արժույթը, արտարժույթի ազատ փոխարկման կանոնների պահպանումը, լիկվիդայնության մակարդակն ու այդ արժույթի շուկաների ծավալը, հիշյալ շուկաներում գոյություն ունեցող գործիքները: Արտաքին ռեզերվների գրագետ կառավարումը, նրանց դիվերսիֆիկացումը, այդ ոլորտում ռիսկերի կառավարումը ՀՀ կենտրոնական բանկի արտոնությունն է»,-ասել է նա: