ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱԴՐԱ՞Մ
Աջակցիր «Ա1+»-ին
«ՀՀ վարչապետի` «Միր» միջպետական հեռուստաընկերության եթերում արված հայտարարությունները ԱՊՀ տարածքում միասնական տարադրամի ներդրման մասին վերաբերում են ԱՊՀ երկրների հետ ռուբլիով առեւտուր կատարելուն, այլ ոչ թե ռուբլու գոտու մասին են: Դրանք տարբեր հասկացողություններ են եւ չպետք է թյուրընկալվեն»,- «Ա1+»-ին պարզաբանեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Դիանա Մնացականյանը` անդրադառնալով այն հարցին` արդյոք վարչապետի հայտարարություններն ուղղակիորեն չե՞ն վերաբերում այն խոսակցություններին, որ Հայաստանն անցնում է ռուբլու գոտու:
Ի դեպ, ՀՀ վարչապետն իր խոսքում նաեւ նշել է, որ «Հայաստանն ունի այդ կապակցությամբ առաջարկների ամբողջ փաթեթ եւ միասնական տարադրամի առաջարկով երեք տարի առաջ հանդես է եկել Հայաստանի կենտրոնական բանկը»: Նա նաեւ ավելացրել է, որ. «Եթե ԱՊՀ բոլոր երկրների կենտրոնական բանկերը սկսեն ապավինել այդ տարադրամին եւ համարեն դա իրենց համար պահուստային տարադրամ, ապա դա կլինի հենց առաջին քայլը, որպեսզի երկրների միջեւ հաշվարկներն իրականացվեն ռուբլով: Դա նշանակում է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է ռուբլին իր համար համարի պահուստային տարադրամ: Մենք պետք է ջանք գործադրենք, որ դա տեղի ունենա»:
Հիշեցնենք, որ վարչապետի այս հայտարարությունները արվում են այն բանից հետո, երբ ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ նախաստորագրվել է «ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետությանը վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Ըստ այս համաձայնագրի` ռուսական կողմը ՀՀ-ին կտրամադրի 500 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ` ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Վարկը տրամադրվել է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է:
Թեեւ, ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության` «նախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում ՀՀ կողմից որեւէ այլ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում», սակայն մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ տրամադրվող վարկը ռուբլու գոտուն միանալու ենթատեքստ ունի: