Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼՈՎ ԵՎՐՈՊԱ ՉԵՍ ԳՆԱ»

Տնտեսություն


«Այսօր մեր տնտեսությունը անհամաչափ է: Երկրում արտահանման եւ ներմուծման քաղաքականությունը համարժեք չէ»,- կարծում է ՀՀ-ն Աժ ֆինանսավարկային, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը: Տնտեսությանը վերաբերող այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Ա1+»-ն այսօր զրուցեց պարոն Մինասյանի հետ:


- Ռուսաստանը Հայաստանին 500 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրում: ՌԴ-ն այսօր ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Ինչո՞վ կբացատրեք տնտեսական նման ճգնաժամում ՀՀ-ին 500 միլիոն դոլարի վարկի տրամադրումը:


- Ընդհանուր տնտեսության տեսանկյունից` 500 միլիոն վարկը մեծ գումար չէ: Եթե մենք նայենք ներմուծման եւ արտահանման մեր հաշվեկշիռը, ապա ներմուծումը 4 անգամ գերակշռում է արտահանմանը: Սա նշանակում է, որ 3 միլիարդ արտարժույթային հոսքեր են անհրաժեշտ, որպեսզի կարողանանք հավասարակշռել: Փաստորեն 500 միլիոնը կարող է որոշակի դերակատարություն ունենալ 3 միլիարդի մեջ: Բացի դա` խոսվում է նաեւ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի, տրամադրվող վարկային օժանդակության մասին: Ծավալները դեռեւս հստակեցման կարիք ունեն, սակայն կարծում եմ, որ թվերը ՌԴ-ի վարկի կարգի են լինելու: Խոսվում է նաեւ չինական կառավարությունից սպասվող միջոցների մասին: Այս վարկերը անհրաժեշտ են, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունը բալանսավորվի: Եթե սրանց գումարում ենք նաեւ Հայաստան եկող տրանսֆերտները, որոնց հարցում անկում է սպասվում, ապա ՀՀ-ին անհրաժեշտ է լինելու եւս 1 միլիարդից ավելի արտարժույթ, որպեսզի տնտեսական քաղաքականության մեջ որոշակի մակարդակի վրա պահվի դոլարի եւ դրամի փոխարժեքը: Տնտեսության մեջ նաեւ կառուցվածքային փոփոխություններ է պետք իրականացնել, որպեսզի արտահանումը սկսի ավելի արագ տեմպերով աճել, քան ներմուծումն է, եւ շատ դեպքերում ներմուծմանը փոխարինի տեղական արտադրությունը: Այսինքն` պետք է իրականացվի եւ ներմուծման կրճատման, եւ արտահանման խրախուսման քաղաքականություն:


- Որքան էլ 500 միլիոն դոլարը կարող է այս իրավիճակում ՀՀ տնտեսության մեջ թեկուզ կարճաժամկետ խնդիրներ լուծել, սակայն արդեն իսկ մտահոգություններ են հնչել, թե որն է լինելու այդ վարկի գինը ՀՀ-ի համար: Ինչո՞վ ՀՀ-ն պետք է այն փոխհատուցի:


- Ես չեմ կարծում, որ ՌԴ-ին կարող ենք ավելին տալ, քան արդեն տվել ենք, նույնիսկ մի բան էլ ավելի ենք տվել: Սպասել, որ ՀՀ-ն ինչ-որ բան կարող է տալ, այնքան էլ ճիշտ չէ: Այս վարկը պետք է դիտել ռազմավարական գործընկերության շրջանակներում: ՌԴ-ն նման աջակցություն է ցուցաբերում Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ բոլոր երկրներին: ՌԴ նախկին նախագահ Պուտինը բացահայտ մի քանի անգամ ասել է, որ ռուսական ռեսուրսները փողի վերածված հարկավոր է ներդրումներ անել միջազգային քաղաքականության ոլորտում: Եւ սա դրա դրսեւորումներից մեկն է: Կարծում եմ, որ այս վարկով ՀՀ-ն կարող է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը` հաշվի առնելով եւ ԿԲ-ի, եւ ԱՄՀ-ի կողմից նախատեսված վարկային աջակցությունները:


- Դուք ասում եք, որ ՌԴ-ի խոստացավ վարկը պետք է դիտել իբրեւ ռազմավարական գործընկերոջ աջակցություն, սակայն մեր ռազմավարական գործընկերը ընդամենը վերջերս տնտեսական ճգնաժամի առաջին զոհերի շարքում հայտնվեցին ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած բազմաթիվ հայեր: Եթե ՀՀ-ի վիճակը նրան հետաքրքրում էր, ինչո՞ւ մեղմ չվարվեցին ՌԴ տարածքում թեկուզ ժամանակավորապես աշխատանք գտած հայերի նկատմամբ:


- ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պատրաստվում է համաձայնագիր: Այն քննարկման մեջ է, սակայն արդեն բանավոր համաձայնություն կա, որ ՀՀ-ից ՌԴ գնացող ժամանակավոր միգրանտների նկատմամբ ՌԴ-ն խիստ չի վարվելու:


- Դուք պարզե՞լ եք, թե գործազրկության արդյունքում ՌԴ-ից ՀՀ վերադարձած մեր հայրենակիցներից հետո ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտները որքանով են կրճատվել:


- Այդ հարցում մի անոմալիա կա, որը պետք է բացատրեն մեր կառավարության ներկայացուցիչները եւ մասնավորապես` ԿԲ-ն: Խոսքը նրա մասին է, որ բանկային խողովակներով 2008թ. ՀՀ փոխանցված մասնավոր տրանսֆերտները 30 տոկոս ավելի են, քան 2007թ: Դրանք այն տրանսֆերտները չեն, որոնք ՀՀ մշտական բնակության եկած մարդիկ են բերել, այլ ուղարկվել են հարազատներին: Անհասկանալին այն է, որ ՌԴ-ի տնտեսական աճը չի հասնում 10 տոկոսի, իսկ մեր տրանսֆերտները 30 տոկոս աճ ունեն, սրանք անհամահունչ թվեր են:


- Դուք ինչո՞վ եք բացատրում այդ անհամաչափությունը:


- Ես դեռ ուսումնասիրում եմ այդ փաստը եւ բացատրություն չեմ գտնում: Նշենք նաեւ` այդ տրանսֆերտները հիմնականում ուղղվում են դեպի անշարժ գույքի շուկա կամ շինարարության ոլորտ, սակայն մեզ մոտ եւ շինարարությունն է նվազել, եւ բնակարանների առքուվաճառքը: Այսինքն` ասյօր ՀՀ եկող տրանսֆերտները գնում են օրվա հացի խնդիրը լուծելուն: ՀՀ-ում մոտ 4 միլիարդ ներմուծման 2-3 միլիարդը ծածկում են տրանսֆերտները, մնում է մոտ 700 միլիոնը ծածկել: Այս 700 միլիոնը պետությունը փոխհատուցում է ԿԲ-ի ծախսում: Եթե տրանսֆերտների հոսքը նվազի ՀՀ, ապա ԿԲ-ի վճարային հաշվեկշիռը հայտնվելու է ծանր վիճակում: Այս տեսանկյունից ՌԴ-ի տրամադրած 500 միլիոն վարկը ինչ-որ տեղ փրկություն է, սակայն կարճաժամկետ:


- Վերջերս մամուլով լուրեր էին պտտվում ՀՀ-ի ռուբլու գոտում հայտնվելու հնարավորության մասին: Այսօր կամ ընդհանարապես դա որքանո՞վ է իրատեսական:


- Ընդհանրապես` որեւէ արժույթի գոտի հայտարարելը` ոչ միայն քաղաքական նպատակներ պետք է հետապնդի, այլեւ տնտեսական լուրջ վերլուծությունների արդյունք լինի: Այսինքն` քաղաքական նպատակները պետք է հիմնավորված լինեն տնտեսական վերլուծություններով: Եթե ՌԴ-ն այսօր նման փորձեր անի, ապա առաջին հերթին կթուլացի իր տնտեսությունը: Մյուս կողմից` ՀՀ-ն բավարար հիմնավորում չունի որեւէ արժույթի գոտի մտնելու համար: ՌԴ-ի հետ մեր առեւտրական հարաբերություններում 4-րդ տեղում ենք, մինչդեռ մենք որեւէ երկրի հետ պետք է ունենանք առաջին տեղը զբաղեցնող առեւտրային հարաբերություններ` նրա արժույթի գոտի մտնելու համար:


- Պարոն Մինասյան, մենք հստակ հայտարարել ենք, որ գնում ենք Եվրոպա: Ռուսական ռուբլով հնարավո՞ր է շարժվել դեպի ԵՄ:


- Իհարկե, ոչ: Ռուսական ռուբլով Եվրոպա չես գնա: Մենք կարող ենք զրկվել ԵՄ շուկաններից` արդյունքում փորձելով ռուսական շուկաներում ձեռք բերել փոքր մասնաբաժիններ: Ռուբլու գոտու մեջ մտնելն այսօր անլուրջ է: Մենք որդեգրել ենք եվրոպական ուղղությունը եւ եթե ռուբլու գոտու մասին խոսակցություն կլինի, ապա այն առաջին հերթին պետք է քննարկել ԵՄ-ի հետ: ԵՄ-ն պետք է իմանա, թե ում հետ գործ ունի:


- Տրանսֆերտներն այսօր հիմնականում ՀՀ են գալիս շարքային քաղաքացիների կողմից, որպեսզի այստեղ նրանց հարազատները գոյատեւեն, իսկ խոշոր գումար դուրս տանողները հիմնականում իշխանության ներկայացուցիչներն են կամ նրանց մերձավորերը: Ի՞նչ է ստացվում արդյունքում:


- Այսօր ՀՀ-ից դոլար արտահանելը տնտեսական հաշվարկներով ձեռնտու է, որովհետեւ մեր դրամը բավական թուլացած է: 1 դոլարը հաստատ 305 կամ 308 դրամ չէ: Այն անձինք, ովքեր այսօր ՀՀ-ում տիրապետում են խոշոր ռեսուրսների, շահում են` արտարժույթ գնելով եւ արտահանելով, տարբեր տեղեր ներդրումներ անելով եւ ակտիվներ գնելով:


- Կա՞ն տվյալներ, թե ովքեր եւ ինչ քանակով գումար են արտահանում ՀՀ-ից:


- Ես անձամբ չունեմ նման հաշվարկներ եւ ոչ էլ պաշտոնապես հրապարակված թիվ կա, թե մեր երկրից արտահանվող գումարների որ մասն է դրսում ներդրվում այս կամ այն նախաձեռնություններում կամ ակտիվներում: Բայց մենք մեր երկրի վճարային հաշվեկշռում ունենք ցուցանիշ, որը ցույց է տալիս, թե քաղաքացին կամ կազմակերպությունը երբ ներդրում է կատարում, ինչ տոկոս է ստանում եւ ինչ է տոկոս է ստանում օտարերկրացին` քո երկրում ներդրում կատարալով: Երբ նայում ենք այդ ցուցանիշը, տեսնում ենք, որ այն խոսում է ի վնաս ՀՀ-ի: Ըստ Էության` արտաքին աշխարհում մեր ներդրումները շատ ավելի մեծ են, քան երկրի ներսում: Սա պաշտոնական ցուցանիշ է, սակայն այդ ցուցանիշը դեռ պետք է ուսումնասիրվի, պարզվի, թե այդ ներդումներից որքան են պատկանում այն անձանց, ովքեր ՀՀ տնտեսությունում ունեն մոնոպոլ դիրք եւ արտահանում են մեր տնտեսության պոտենցիալը` իրենց աձնական շահույթը ստանալու համար:


- Դուք կարեւորում եք տեղական արտադրությունը, ներդրումները երկրի ներսում, մինչդեռ ակնհայտ է, որ այսօր ՀՀ –ից ավելի շատ ներդրումներ է արվում դրսում` լինի դա քաղաքացու, թե կազմակերպության կողմից, «Բջնիի», Պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կատարվածի արդյունքում միանգամից մոտ 1000 գործազուրկ ունեցանք: Ինչպե՞ս եք գնահատում համապատասխան մարմինների կամ անձանց քաղաքակնությունն այս ուղղությամբ:


- «Բջնիի» համար ես բազմիցս եմ ասել, որ բացասական եմ գնահատում: Եթե «Բջնին» իսկապես անհուսալի վիճակում էր, ապա այն պետք է սնանկ ճանաչվեր, եւ ոչ թե վերացնեին, ջարդեին ակտիվները: «Բջնիի» օտարումն այդ ձեւով տնտեսության վրա միաժամանակ բացասական անդրադարձավ: Ինչ վերաբերում է հանքաարդյունաբերության ոլորտին, ապա արտաքին աշխարհի ազդեցությունը մեր տնտեսության վրա միանշանակ բացասական ազդեց:


- Պարոն Մինասյան, Դուք էլ եք վստա՞հ,որ միջազգային տնտեսական ճգնժամը շրջանցում է ՀՀ-ն: Մեր իշխանություններն այսօր էլ շարունակում են պնդել, որ տնտեսական ճգնաժամը շրջանցում է ՀՀ-ն:


- Ասել եմ, ասում եմ, ու կասեմ` միջազգային տնտեսական ճգնաժամը չի կարող շրջանցել ՀՀ-ն: Այն արդեն ՀՀ-ում է` ի դեմս բազմաթիվ գործազուրկների, որոնց թիվը գնալով ավելանում է: Երկրոդ մակարդակի ազդեցությունն այն է, որ արտաքին ներդրումները նվազելու են, որովհետեւ բաց սահմաններ չունեցող երկրում ներդրումներ անելը վտանգավոր է, եւ կան այլ բազմաթիվ պատճառներ:


Զրուցեց Վիկտորյա Աբրահամյանը