ԱՎԵԼԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Միջազգային ֆինանսական ճգնաժամից հետո այսօր Հայաստանի գյուղատնտեսներն ավելի շատ են վարկ վերցնում: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրերի իրականացման գրասենյակ-պետական հիմնարկի տնօրեն Արա Մուրադյանը: Ըստ նրա` իրենք 2008թ. հատկացրել են այնքան վարկ, որքան 2006 եւ 2007թթ. իրար հետ վերցրած:
Արա Մուրադյանի խոսքերով` ճգնաժամը հանգեցրել է նրան, որ բանկերի` սեփական ռեսուրսներով վարկավորման ուղղությունները փոխվել են. «Այսինքն` եթե ժամանակին բանկը իր սեփական ռեսուրսով կարող էր ոչ այդքան եկամտաբեր կամ ռիսկային ոլորտ ֆինանսավորել, ապա միջազգային պրոցեսները բնականաբար պարտադրում են շատ ավելի խորը, զգուշավոր մոտեցում տնտեսվարողների նկատմամբ, որովհետեւ ապագան պարզ չէ: Եւ նախընտրում են ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, որոնք կարճաժամկետ են»:
Նշենք, որ «Գյուղական ֆինանսավորման կառույց»-ը գործում է 2005թ.-ից, իսկ առաջին վարկը տվել է 2006թ. փետրվարին: Այժմ իրականացման փուլում է 4 ծրագիր: Երկարաժամկետ ներդրումային վարկավորման ծրագիր իրականացնելու նպատակով 2005թ. ՀՀ կառավարության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի(ԻՖԱԴ) միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, որի ընդհանուր արժեքը 28 մլն. դոլար է, դրանից 9.4 մլն դոլարը նախատեսվում է գյուղական տարածքների տնտեսական զարգացման նպատակով վարկերի տրամադրման համար:
«Մեր կառույցը պետության կողմից ստեղծվեց որպես կենտրոնացված կառույց, որը կոչված է համակարգել գյուղատնտեսական վարկավորման բոլոր աշխատանքները եւ ապահովել վարկավորման հասցեականությունը եւ վարկային միջոցների անկորուստ շրջանառությունը»,- ասաց Արա Մուրադյանը, ապա հավելեց, թե իրենց առաջ հետագայում դրվել է նաեւ այլ խնդիր` համակարգել գյուղատնտեսության ոլորտի այն բոլոր պետական ծրագրերը, որոնք կպարունակեն վարկային բաղադրիչ:
ՀԲ-ի եւ ԻՖԱԴ-ի վարկառուների թիվը շուրջ 250 է, որոնց 70 տոկոսը վերամշակող ձեռնարկություններ են: Վարկավորել են նաեւ անասնապահական, նոր այգիներ հիմնող ձեռնարկություններ: Երկու վարկային ծրագրերի պարգայում էլ մարման առավելագույն ժամկետը 7 տարի է, վարկի առավելագույն ծավալը` 150 000 դոլար:
Ի դեպ, «Գյուղական ֆինանսավորման կառույց»-ը համակարգում է նաեւ «Հազարամյակների մարտահրավերներ Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչը: Այս ծրագրով տեղաբաշխվելու են ՀՄՀ-ի 8.5 միլիոն դոլար արժողությամբ վարկային միջոցները:
ԳՖԿ-ն իրականացնում է նաեւ 2008թ. հունիսին ՀՀ կառավարության գյուղատնտեսության վարկավորման տոկոսների սուբսիդավորման գործընթացը: Այդ նպատակով հատկացվել է 100 միլիոն դրամ, որն ուղղվելու է Գեղարքունիքի եւ Աշոցքի տարածաշրջաններին:
Ինչ վերաբերում է քաղաքացիների այն մտահոգություններին, թե հիմա ճգնաժամի հետ կապված բանկերը վարկեր չեն տրամադրում, ապա Արա Մուրադյանը ասաց. «Ցանկացած վարկունակ մարդ կարող է գնալ եւ գյուղատնտեսական ոլորտում ծրագիր իրականացնելու համար վարկ վերցնել: Փող ունենք»: