ՍՏԱԺԸ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՇՎԱՐԿԵ՞Լ
Աջակցիր «Ա1+»-ին
Թոշակառուներից շատերը ներկայանալով սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրիի տարածքային բաժին` բողոքում են, որ իրենց կենսաթոշակը ստաժի համեմատ քիչ է բարձրացել:
Նրանցից ոմանք կարծում են, որ հաշվարկը կատարելիս աշխատանքային ստաժի տարիներից մի քանիսը բաց են թողնվել: Սակայն պատասխանատուները նշում են, որ այդ հաշվարկները կատարվում են համակարգչային ծրագրով, ինչը հնարավոր չէ սխալներ թույլ տա:
« Էդպիսի բան հնարավոր չէ, որ նույն ստաժն ունեցող մարդիկ մեկն ավել ստանա, մյուսը` պակաս: Երեւի մարդիկ իրենց ստաժը կոնկրետ չգիտեն: Կենսաթոշակների հաշվարկը կատարվում է ըստ ստաժի, բազային կենսաթոշակին գումարվում է ապահովագրական ստաժը, բազմապատկվում է 450-ով: Բանաձեւ կա»,-ասում է Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրիի բաժնի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանը:
Սակայն մեր զրուցակից թոշակառուները պնդում են, որ լավ գիտեն իրենց աշխատանքային ստաժի չափը: Պակաս կենսաթոշակ ստանալու համար նրանք չեն մեղադրում սոցապ ծառայությանը: Ըստ նրանց` մեղավոր են այն ձեռնարկությունները, որտեղ ժամանակին աշխատել են իրենք:
Այդ ստաժը վերականգնելու համար հարկավոր է գտնել արդեն լուծարված ձեռնարկությունների ղեկավարներին, ովքեր հիմնականում երկրից բացակայում են, ոմանք էլ արդեն մահացել են:Ստացվում է այս գումարներն անդառնալիորեն կորած են ժողովրդի համար: Խնդիրներ կան նաեւ կապված մասնակի կենսաթոշակի հետ: Մոտ հազար գյումրեցի սահմանված ժամկետից ուշ էր ներկայացել հաշվառմանը: Այժմ խորհրդարանում քննարկվում է ժամկետը երկարացնելու հարցը, որի արդյունքը կհրապարակվի մոտ երկու ամսից:
Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակի չափը այս տարվա հունվարի 1-ից բարձրացել է 1200 դրամով` դառնալով 8000: Ավելացել է նաեւ աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը` կազմելով 450 դրամ նախկին 395-ի փոխարեն: Այսպիսով միջին կենսաթոշակը կազմում է 23900 դրամ:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ