Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԱ՞ՅՆՔԸ, ԹԵ՞ ԹԵՄԸ

Մարզեր


Շիրակի մարզի Հայկասար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին թեեւ կանգուն է, սակայն ունի նորոգման խիստ կարիք:

Թե ով է իրականացնելու նորոգման այդ աշխատանքները, թեմի առաջնորդն ու գյուղացիներն ունեն հակադիր կարծիքներ: Իսկ մինչ երկու կողմերը համաձայնության կգան, եկեղեցին կամաց - կամաց փլուզվում է, բնակիչներն էլ եկեղեցական մեծ արարողությունների համար հասնում են մինչեւ Գյումրի:

Համայնքը հիմնադրել են Սարիղամիշից ու Բասենից գաղթած հայերը 19-րդ դարի 20 - 30-ական թվականներին: Գյուղի նախնական անունը եղել է Սարիբաշ, որի թարգմանական նշանակությունը գյուղացիները դժվարացան բացատրել:

Արդեն խորհրդային տարիներին գյուղըվերանվանվել է Հայկասար: Եկեղեցին կառուցվել է 1868 թվականին, ըստ դռան վերեւում պահպանված արձանագրության՝ գյուղացիների ձեռքով:

Սուրբ Աստվածածինը, ինչպես գյուղական համայնքների եկեղեցիներից շատերը բազիլիկ ոճի է եւ չունի գմբեթ: Եկեղեցին իր նպատակին է ծառայել մոտ մեկ դար, եւ խորհրդային տարիներին վերածվել պահեստի:

1988 թվականին քանդվել էր շինության մի հատվածը, որը վերականգնվել էր բնակիչների ջանքերով: Սակայն մի քանի տարի է, ինչ մասնակիորեն փլուզվել է տաճարի ճակատային հատվածը: Թե գյուղացիները, թե թեմի առաջնորդը ցանկանում են եկեղեցու վերանորոգումը, սակայն տեսակետները տարբեր են պատասխանատվությունը կրելու հարցում:

«Այս եկեղեցին, որ կառուցվել է, հայկասարցիներն են կառուցել, ուրիշ ոչ ոք չի օգնել: Ոչ էլ այն ժամանակ թեմի առաջնորդը տեղյակ է եղել, որ եկեղեցի է կառուցվում: Ցանկացած գյուղ կարող է իր եկեղեցու վրա ամեն տարի գոնե մեկ քար դնել: Եվ էդ մեկ քար դնելը բարդ գործ չէ»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Բացի եկեղեցուց գյուղում կա նաեւ երկու մատուռ, որոնք ծառայում են իբրեւ աղոթատեղի: Իսկ հոգեւոր դասի պարտադիր ներկայությամբ անցկացվող արարողությունների դեպքում հայկասարցիք կանգնում են դժվարության առջեւ: Եթե բախտները բերի, տարածաշրջանի հոգեւոր հովվի այցելությունը կհամընկնի դրանց հետ, եթե ոչ` ստիպված օգտվում են այլընտրանքից:

Թեմի առաջնորդի կարծիքով` եկեղեցու նման վիճակը բնակչության անտարբերության հետեւանք է:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ