ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐՆ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԻՋՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն չի թողել Հայաստանի վրա, քանի որ մեր ֆինանսական համակարգը բավականին փոքր է: Վերջին հանգամանքը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի, սովորաբար շատ վատ է տնտեսության համար, սակայն ճգնաժամի պայմաններում այն նույնիսկ առավելություն է Հայաստանի համար:
«Դրա համար էլ բանկային համակարգի միջոցով ճգնաժամի ազդեցությունը փոքր եղավ Հայաստանի համար: Մենք դիտարկել ենք վերջին բոլոր արդյունքները եւ նոր միայն եկել այդ եզրակացության: Օրինակ՝ ընդհանուր վարկային աճը շատ մեծ է: Եթե այն համեմատենք 2007թ. հոկտեմբերի հետ, եթե չեմ սխալվում՝ տարեկան մոտավորապես 60 տոկոս է կազմում: Միգուցե տնտեսական աճը մի փոքր դանդաղել է, բայց միեւնույն է՝ վարկերը, դեպոզիտները, գումարների փոխանցումները նույնիսկ դեռ աճում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց տիկին Օմեսը:
Ըստ նրա՝ իրենք սպասելիքներ ունեն, որ մինչ տարվա վերջ տրանսֆերտների քանակը դեռ կարող է աճել, քանի որ դրանք փոխանցում են հիմնականում այն հայերը, որոնք արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան: «Սակայն, իհարկե, ռիսկը մեծ է. ռուսական տնտեսական աճը դանդաղում է եւ այնտեղ հիմա մի փոքր դժվար ու վատ կլինի բոլորի, այդ թվում՝ նաեւ հայերի համար: Այդ պատճառով մյուս տարի միգուցե տրանսֆերտների քանակը մի փոքր պակասի»,- կարծում է Նինկե Օմեսը:
Այս հանգամանքը եւս, ըստ նրա՝ լրջորեն չի ազդի Հայաստանի վրա, այլ ուղղակի տնտեսական աճը կդանդաղի, որը, սակայն, կնպաստի ինֆլյացիային: Այն Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ եւս կպակասի, քանի որ նավթի, բենզինի, ցորենի միջազգային գները արդեն խիստ ընկել են, թեեւ Հայստանում դա դեռ չի նկատվում:
«Իսկ միջազգային գները պարտավոր էին ազդել հայաստանյան գների վրա: Եթե գները չսկսեն ընկնել, ուրեմն ձեզ մոտ շատ լուրջ խնդիրներ կան մրցակցության հետ կապված: Մենք հաճախակի ենք այդ մասին ասում ՀՀ կառավարությանը, որ բավարար մրցակցություն ապահովի արտահանողների միջեւ, որ ցորենի, բենզինի գները սկսեն ընկնել, որը միայն ու միայն կօգնի հայկական տնտեսությանը»,- ասում է Օմեսը:
Նա նշեց, որ մինչ տնտեսական ճգնաժամը, հիմնադրամը ՀՀ կառավարության հետ պայմանավորվել էր, որ սկզբունքորեն պատրաստ են տալ նոր վարկ` մոտավորապես 14 մլն ԱՄՆ դոլար:
«Նոյեմբերի 17-ին մեր գործադիր խորհուրդը պետք է որոշի՝ տա՞լ, թե ոչ այդ վարկը: Մեր գործադիր տնօրենն արդեն ասել է ՀՀ վարչապետին, որ եթե պետք է, հիմնադրամը կարող է ավելին տալ, որ մենք պատրաստ ենք օգնել հայկական տնտեսությանը: Բայց տեսնում ենք, որ դա այնքան էլ դեռ անհրաժեշտ չէ»,- նշեց հիմնադրամի ներկայացուցիչն՝ ավելացնելով, որ երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում էր, զրուցել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի հետ եւ պայմանավորվել այդ մասին:
ՀՀ վարչապետը դեռ չի արձագանքել հիմնադրամի առաջարկին, թեեւ Օմեսի ասելով՝ իրենք հետեւողականորեն ստուգում են տնտեսական բոլոր տվյալները, որոնցից դեռ գոհ են: «Ամեն ինչ դեռ նորմալ է ու կայուն եւ հույս ունենք, որ դա այդպես էլ կշարունակվի»,- նկատեց Նինկե Օմեսը: