Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԶ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ՃԳՆԱԺԱ՞ՄԸ

Տնտեսություն

Հայաստանն ինչպիսի՞ դասեր պետք է քաղի համաշխարհային տնտեսական ճգնաժամից, եւ ինչպիսի՞ դեղատոմսեր կան դրա ազդեցությունը մեղմելու համար: Այս եւ նմանատիպ այլ հարցեր էին այսօր քննարկում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հավաքված մի շարք տնտեսագետներ, հասարական-քաղաքական գործիչներ:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամն անսպասելի չէր. դրա կանխատեսումներն արվել էին դեռ 2-3 տարի առաջ: Սակայն, ըստ նրա՝ ճգնաժամն ավելի սրվեց հիմնականում երկու պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ գերտերությունները փոխանակ մեղմեին տնտեսական վերելքը, ինչի հետեւանքով կմեղմվեր նաեւ անկումը, նրանք այդ փուլն արհեստականորեն պահպանեցին, որը զգալիորեն անդրարձավ հատկապես հիփոթեքային շուկայի վրա: Հաջորդ սրացումն, ըստ Մանասերյանի՝ եղավ այն, երբ ԱՄՆ-ն սկսեց էժան դոլարի քաղաքականությունը, որպեսզի փակի իր ռազմական ծախսերն ու խթանի արտահանումը: «Դա իր էֆեկտն, իհարկե, տվեց՝ ի հաշիվ այսօրվա վնասների»,- նկատեց Մանասերյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն կարծես որոշ չափով զերծ մնաց ճգնաժամից, քանի որ առաջին հերթին մեզանում բացակայում է արժեթղթային շուկան, որն, այսպես կոչված, տնտեսության սիրտն է: Սակայն, ըստ Մանասերյանի՝ դա էլ չի փրկում մեզ, քանի որ օրինակ՝ հայաստանյան բանկերի գերակշիռ մասն հիմնված է օտարեկրյա կապիտալի վրա: Հայաստանին ամենամեծ տնտեսական ցնցումը կլինեն համաշխարհային գների տատանումները: «Պարտքով ապրող մեր երկիրը, որն այժմ ավելի շատ ներմուծում է, կրողն է լինելու այդ ցնցումների»,- վստահեցրեց Թաթուլ Մանասերյանը:

«Պոլիտէկոնոմիկա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի կարծիքով՝ տնտեսական ճգնաժամն ունի միայն քաղաքական ենթատեքստ: Եթե ԱՄՆ-ում ընտրությունների նախաշեմին գնանկում է նկատվում գրեթե ամեն ինչում, ապա նրա վստահեցմամբ՝ շատ շուտով՝ միգուցե արդեն այսօր երեկոյան արձանագրվի հակառակը՝ ոսկու, նավթի, եվրոյի համեմատական թանկացում: Ըստ նրա՝ ԱՄՆ-ում կար փողի ավելցուկ եւ այն տեղաբաշխելու խնդիր: Այդ պատճառով ԱՄՆ-ում բոլորը սկսել էին հեշտությամբ վարկ ձեռք բերել, ու մշտապես վարձով ապրող ամերիկացին սկսել էր անշարժ գույք գնել:

Անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող այս վայրիվերումներն, ըստ Թեւանյանի, շուտով արդեն մենք եւս կզգանք, քանի որ արդեն նվազել են գործարքներն ու գներն ընկնում են: «ՀՀ բանկերը չեն խոստովանում, բայց ընկել են Նաջարյանի օրին՝ չեն մերժում, սակայն չեն էլ տալիս վարկ»,- նշեց Թեւանյանը: Սակայն, ըստ նրա՝ համաշխարհային ճգնաժամից առավել մեծ հարված էր ՀՀ կառավարության հարկային նոր քաղաքականությունը: «Պետք չէ ուրախանալ, թե այս ինչ օլիգարխին ջարդել են: Սա իրականում ՀՀ-ի տնտեսությանը լուրջ մարտահավեր է: Եթե դա դիտարկենք հարկերի, աշխատատեղերի կտրվածքով, ապա օրինակ՝ «Բջնի» գործարանը փակելը նորմալ մոտեցում չէ, ինչպես նաեւ՝ քաղաքական հետապնդումերը Սուքիասյան ընտանիքի նկատմամբ»,- ընդգծեց նա:

Անշարժ գույքի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Էրիկ Մեսրոպյանի կարծիքով էլ՝ ազգային տնտեսության ցուցիչը հենց անշարժ գույքի շուկան է, քանի որ անցած տարվա ՀՆԱ-ի 30 տոկոսը կառուցապատման ծավալներն են, աշխատուժի 30 տոկոսն էլ պատկանում է շինարարության ոլորտին: Սակայն, ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա 2-րդ եւ 3-րդ եռամսյակում այս շուկայում առքուվաճառքը նվազել է: Այս երեւույթը սկսվեց ՀՀ նախագահական ընտրություններից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո: Շուկան սկսել է վնասներ կրել ինչպես շինանյութի 100 տոկոսանոց թանկացման, այնպես էլ հարկային նոր քաղաքականության արդյունքում: Ըստ Մեսրոպյանի՝ քանի որ մենք չունենք ներդրումային արդյունավետ ոլորտ՝ ասենք՝ արժեթղթային շուկա, շատ մեծահարուստներ նախընտրեցին անշարժ գույքի շուկան: Սակայն այժմ նրանցից շատերն ուղղակի խուսափում են անշարժ գույք գնել: Ըստ նրա՝ արդեն 2009թ. կեսերին անշարժ գույքի շուկայում ունենալու ենք լուրջ ճգնաժամ, որը պայմանավորված կլինի ոչ թե համաշխարհային, այլ տեղական սխալ քաղաքականության արդյունքում: