ԳՆԵՐՆ ԻՋՆՈ՞ՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա մոնիտորինգը վերջին օրերին հայաստանյան շուկայում մի քանի ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել:
Ըստ Հանձնաժողովի մամուլի ծառայության` դրանք հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ են եւ այն շուկաները, որտեղ Հանձնաժողովի ուղարկած նյութերի հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն վերահսկողական գործողություններ եւ որոշակի միջոցառումներ է իրականացրել:
Մասնավորապես. միջազգային շուկայում բենզինի գնի 20 տոկոսով նվազման պարագայում Հայաստանում տեղի է ունեցել գնի համահունչ նվազում մոտ 20 տոկոսով` 80 դրամ:
Բրնձի շուկայում, ինչպես հայտնի է, Հանձնաժողովի վարույթի արդյունքներից, մուտք են գործել նոր տնտեսվարող սուբյեկտներ, եւ արդյունքում, ինչպես նաեւ պայմանավորված միջազգային գներով` մոնիտորինգի ենթակա մի շարք առեւտրի կետերում (սուպերմարկետներ) բրնձի գինն իջել է մինչեւ 80 դրամով (450 դրամից):
Հանձնաժողովի վարույթից հետո ալյուրի գինն իջել է եւս 10-15 դրամով: Եւ այժմ ալրաղացներից ալյուրը կարելի է ձեռք բերել կիլոգրամը 205-210 դրամով: Շինարարական նյութերի մոտ 20 տոկոսով գների նվազում է արձանագրվել, ինչպես եւ դա տեղի է ունեցել միջազգային շուկայում:
Հացի շուկայում եւս տասնօրյա «կայունությունից» հետո գնի նվազման միտումներ նկատվում են` մոնիտորինգի ենթակա որոշ առեւտրի կետերում 10-20 դրամով հացի գինը նվազել է, սակայն Հանձնաժողովը դա բավարար չի համարում եւ չի գնահատում որպես համահունչ նվազում (ալյուրի գներին): Հացի շուկայում Հանձնաժողովի վարույթը շարունակվում է: Իսկ վերոհիշյալ մյուս շուկաներում, ուսումնասիրությունները թույլ են տալիս ակնկալել, որ գների նվազումը կիջնի մինչեւ միջազգայինին համահունչ մակարդակի:
Հանձնաժողովի մոնիտորինգը առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում շարունակվում է եւ Հանձնաժողովը շարունակում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ստուգման լիազորություններ եւ վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների հետ համագործակցությամբ շուկայում նվազագույնի հասցնել մրցակցային կանոնների խախտմամբ չհիմնավորված գների կիրառման դրսեւորումները: