Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՋՆԻԻ» 483 ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԱՊԱՍՏԱՆ ԿԽՆԴՐԻ, ԵԹԵ...

Տնտեսություն

«Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ «Բջնի» գործարանը քաղաքական վրեժխնդրության զոհ է դարձել, եւ նույնիսկ ամենամիամիտ մարդը կարող է վկայել, որ գետը հոսած հանքային ջրի համար չի կարելի ընկերությանը պահանջ ներկայացնել, ընդ որում տուգանքների եւ տույժերի տեսքով:

Դա թողնենք, քանի որ մեր խնդիրը ոչ թե իրավաբանությունն է եւ երկրում տիրող արդարադատության պակասը, այլ` մեր գոյությունը»,- «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության 483 աշխատակիցները նման բովանդակությամբ նամակ են հղել երկրի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին,Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին:

483 մարդ ահազանգում է, որ դատապարտված է միանալ գործազուրկների շարքին: «Արդյո՞ք ճիշտ է մեկ հարվածով ազդել 483 ընտանիքի ճակատագրի վրա: Արդյո՞ք ճիշտ է հարկադիր կատարողների «մասկի շոու» օպերացիան իրականացնել առանց այն էլ վախեցած աշխատակազմի վրա: Արդյո՞ք ճիշտ է ոչնչացնել «Բջնի» եւ «Նոյ» ապրանքատեսակները, որոնց ճանաչմանը հասել ենք մեր քրտինքով»,- ասում են «Բջնիի» աշխատակիցները: Նրանք հիշեցնում են, որ 2006-2008թթ. ընթացքում ընկերությունն աննախադեպ հաջողության էր հասել արտադրանքի արտահանումների մասով: Այս տարիների ընթացքում արտահանումների միջին աճը կազմել է 200 տոկոս:

«Կարծում ենք, որ մեր ղեկավարությունը քաջ տեղյակ է, թե ինչ դժվար է հայրենական արտադրանքը հանել արտասահմանյան մրցունակ շուկա եւ փորձել նունիսկ ինչ որ դիրք գրավել: Մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ դա հաջողվել է: Այո, ամսական մոտ 50 կոնտեյներ արտադրանք արտահանելն արդեն ցանկացած պատվոգրերի եւ շքանշանների արժանի արարք է եւ ոչ թե` հակառակը: Սրա հետեւանքը նա է լինելու, որ միջազգային շուկայում հայկական արտադրանքը վստահությունը կորցնելու է: Չէ՞ որ ցանկացած օտարերկրացի սպառող ի վերջո ձեռք կքաշի մի բանից, որը երկար կյանք չունի»,- նշում են «Բջնիի» աշխատակիցները:

Նշենք, որ «Բջնի» ընկերությունը վճռաբեկ բողոք է կազմում եւ դրա համար ունի օրենքով տրված երեք ամիս: Ընկերությունը դիմել էր նույն վարչական դատարանին եւ խնդրել էր մինչեւ բողոք բերելու ժամկետի ավարտը թույլատրել աշխատել եւ բռնագանձումը տարածել միայն արտադրանքի վաճառքի գումարի 40 տոկոսի նկատմամբ, մնացած գումարը թողնելով վճարել աշխատակիցներ աշխատավարձը, փաստաբանների վարձը, ընթացիկ հարկերը եւ արտադրանքի համար անհրաժեշտ ծախսերը, բայց այդ դիմումին որեւէ ընթացք չի տրվել:

Դիմելով նամակի հացեատերերին` «Բջնիի» աշխատակիցները նրանց խնդրում են մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքները` քաղաքական կամք դրսեւորել եւ չթույլատրել «Բջնի» ընկերության ոչնչացումը, այլ` օբյեկտիվ արդարադատություն իրականացնել այդ գործով: Քանի որ ԴԱՀԿ-ի հարկադիր կատարողները դիմակներով ներխուժել էին եւ տարել էին ընկերության տրանսպորտային միջոցները «Բջնիի» կոլեկտիվը նաեւ ասում է. «Եթե հարմար չգտնեք տրանսպորտային միջոցների վերադարձը, մենք պատրաստ ենք նույնիսկ անձամբ մեր մեջքով կրել արկղերը եւ հասցնել մատակարարներին, միայն թե` գործարանը աշխատի»:

Իրենց խնդրանքը անտեսելու, երկրի ներսում իրենց նկատմամբ արդարադատություն չիրականացվելու դեպքում «Բջնիի» 483 աշխատակիցները խոստանում են իրենց ընտանիքներով դիմել ՀՀ-ում օտարերկրյա դեսպանություններին` ապաստանի խնդրանքով: