Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ ՄԵ՞ՂՄ Է

Մարզեր

Վանո Սիրադեղյանի փեսայի գործը Վճռաբեկ դատարանում չեն ընդունում:

2008թ.փետրվարի 24-ին Նոյեմբերյան քաղաքի 65-ամյա բնակիչ, Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառապահ Յուրա Մամյանի առանձնատանը իրավապահները փամփուշտներ են հայտնաբերել:

Յուրա Մամյանը` Վանո Սիրադեղյանի քրոջ ամուսինն է: Վանո Սիրադեղյանի քույրը` Սոնա Մամյանը գտնում է, որ սա քաղաքական հետապնդում է , քանզի նույն գիշեր Կոթի գյուղում, Վանո Սիրադեղյանի եղբոր` Սերյոժա յի բնակարանում էլ խուզարկություն է կատարվել:

Յուրա Մամյանը քաղաքականությամբ չի զբաղվել, սակայն նրա կրտսեր որդին` Կարենը նախագահական ընտրությունների ժամանակ Նոյեմբերյան քաղաքում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը:

Չնայած, որ Յուրա Մամյանը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին մասնակցել է ազատամարտին, գյուղնախարարությունն էլ նրան լավ բնութագիր է տվել, Նոյեմբերյան քաղաքի ավագանին եւ քաղաքի ՀԿ-ները միջնորդել էին մեղմ պատիժ նշանակել, ընդհանուր իրավասության դատարանը Յուրա Մամյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը: Արդեն 2 ամիս է, ինչ Մամյանի գործով բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան:

Սակայն նրա շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանի վկայությամբ` դատարանն անհեթեթ պատճառաբանությամբ գործը վարույթ չի ընդունում, «հիմնավորելով» իբր օրինականության միասնական կիրառման տեսակետից այս գործը կարեւոր չէ, իսկ կայացված դատավճիռը ծանր հետեւանքներ չի ունեցել Մամյանի համար:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ