ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «ԱրմենՏելի» դեմ պրովայդերների բողոքների հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում այսօր տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն` ՏՄՊՊ, Հարնային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների, պրովայդերների եւ «ԱրմենՏելի» ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության նպատակն էր խրախուսել երկու կողմերի միջեւ խնդրի վերաբերյալ համաձայնության հասնելու համար ընթացող բանակցությունները:
«Հանձնաժողովը երբեք չի համարել, որ տուգանքները մրցակցային մտածողության բերելու լավագույն ձեւն են, այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս, որ շարունակեք քննարկումները, արդեն ձեռք բերված համաձայնությունները հստակեցնեք»,- ասաց վարույթի աշխատանքները համակարգող Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը: Կողմերի ներկայացուցիչներին նա հավաստիացրեց, որ Հանձնաժողովի համար իրականում ոչ թե խախտումն արձանագրելը, տուգանքների ենթարկելն է էական, այլեւ բիզնեսի զարգացմանն ու մրցակցությանը խոչընդոտող սահմանափակման վերացումը, ուստիեւ` երկու կողմերի միջեւ ընթացող բանակցությունները Հանձնաժողովի համար վարույթը ավարտելու նախընտրելի եղանակն են:
Հ. Արամյանը նշեց, որ Հանձնաժողովի համար վարույթը ավարտված կհամարվի եւ հնարավոր խախտման հանգամանքների վերլուծությունը կդադարեցվի այն պարագայում, եթե բողոքի առարկան` այսինքն պրովայդերների բարձրացրած հարցերի լուծումն ամրագրվի երկու կողմերի միջեւ կնքվող համաձայնության հուշագրում:
Խորհրդակցության ընթացքում «ԱրմենՏելի» ներկայացուցիչները հայտարարեցին խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու իրենց պատրաստակամությունը, իսկ պրովայդերների ներկայացուցիչները նախընտրելի համարեցին վարույթում արծարծվող խնդիրների լուծումը Հանձնաժողովի որոշմամբ ամրագրելու տարբերակը, որը նրանց հուշագրի դրույթների կատարման լրացուցիչ երաշխիքներ կտա:
Հիշեցնենք, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով ուղղված պրովայդերների բողոքը հետեւյալն էր` «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները դիմել են Հանձնաժողով, հայտնելով, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից ինտերնետ հասանելիության ծառայությունների տրամադրման պայմաններում առկա են մրցակցության սահմանափակման երեւույթներ: Համաձայն դիմումների, «ԱրմենՏելը» ինտերնետ հասանելիության Hi-Line Unlimited ծառայությունը տրամադրում է` «օգտագործելով հեռախոսային ցանցի պատմականորեն մենաշնորհային կարգով իրեն պատկանող գծի ենթակառուցվածքները, որոնց օգտագործման հնարավորությունից զրկված են այլ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները»: Միաժամանակ, ըստ «Վեբի» եւ «Արմինկոյի», «ԱրմենՏելը» այլ օպերատորներին մերժում է տրամադրել «հատկացված գծեր» (պորտենցիալ մրցակցող ծառայություն է):
Խնդրի վերաբերյալ Հանձնաժողով դիմած պրովայդերներին օրերս միացել է նաեւ «ՔրոսսՆեթ» ընկերությունը: