ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱշոտ Զաքարյանի եւ մյուս բանտարկյալների ազատության պահանջով հացադուլի նստած ազատամարտիկները երեկ ժամը 21:00-ին դադարեցրել են հացադուլը՝ իրենց հրամանատար Աշոտ Զաքարյանի խնդրանքով: Այս մասին տեղեկացրին երկրապահ կամավորականները՝ հրավիրված ասուլիսի ժամանակ: Ազատամարտիկներն ակնկալում են, որ մայիսի 20-ին կայանալիք դատավարության ժամանակ իրենց հրամանատարն ու ընկերները կարդարացվեն, հակառակ դեպքում իրենք կպայքարեն նոր մշակված սցենարով:
Երեկ ժամը 20:20-ին Աշոտ Զաքարյանի հայրը որդուն այցելելուց հետո հայտնել է հացադուլի նստած ազատամարտիկներին, որ իրենց հրամանատարը պահանջում է դադարեցնել հացադուլը: Ազատամարտիկները նշում են, որ իրենք խնդրել են հրամանատարին՝ ժամանակ տալ նոր ծրագիր մշակելու համար, սակայն դրան հետեւել է ավելի խիստ հրաման: Երկրապահ կամավորականները նշում են, որ իրենք թեեւ պարտադրված դադարեցնում են հացադուլը, սակայն պայքարը շարունակելու են այլ եղանակով, եթե մայիսի 20-ի դատավարությանն արդարացման վճիռ չհնչի:
Ազատամարտիկները վրդովված են այն հանգամանքից, որ հացադուլի առաջին օրերին Շիրակի մարզի առողջապահության բաժնից իրենց չեն այցելել, մինչդեռ միջազգային փաստաթղթերի համաձայն բժիշկները պետք է նախ գնահատեին հացադուլավորների առողջական վիճակը, որից հետո սահմանվելու էր ամենօրյա հսկողություն: Իսկ նրանք՝ երկրապահների վկայությամբ այցելել են միայն կանչերի դեպքում, եւ միայն երրորդ օրվանից է սահմանվել ամենօրյա հսկողություն եւ այցելել է տեղամասային բժիշկը, այն էլ՝ երբ ազատամարտիկները հայտարարել են, որ մտադիր են հարեւան Վրաստանից բժիշկներ հրավիրել՝ իրենց վիճակը ստուգելու համար:
Երկրապահ կամավորականները խոստովանում են, որ իրենք բարոյական մեծ վնաս կրեցին, երբ բժշկական հսկողությունից դուրս մնալով` ծանրացավ իրենց ընկերներից մեկի՝ Մկրտիչ Բաղդասարյանի առողջական վիճակը, եւ նա, ով իրենց չէր լքել մարտի դաշտում, ստիպված հեռացավ խաղաղ սենյակից: Այս անտարբերությունն ազատամարտիկները համարում են իշխանությունների հրահրումը եւ վստահեցնում, որ մայիսի 20-ից հետո պայքարի են ելնելու նոր թափով:
Հացադուլը դադարարեցրել են նաեւ Մարալիկում եւ Ձորակապում հացադուլ անողները: Նրանք այդ արել են իրենց այցելած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի հորդորով:
«Ցայգ» հ/ը
Գյումրի