Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ Է ԻՐԱՎԱՍՈՒ

Տնտեսություն

«Եթե մեր գծի տերերը որոշեն պլանը նվազեցնել, ապա ինձ չի թվում, որ տրանսպորտի ուղեվարձի վրա գազի սուբսիդավորման դադարեցումը կկարողանա բացասաբար ազդել»,- մեզ հետ զրույցում ասաց երեւանյան երթուղային տաքսիներից մեկի վարորդներից: Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ՀՀ կառավարությունը դադարեցրել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սուբսիդավորումը՝ գազի սակագինը նախկին 59 դրամի փոխարեն դարձնելով 84 դրամ:

Մեր տեղեկություններով արդեն մի քանի երթուղիների, այսպես կոչված, «գծի տերեր» ուղեվարձի գների բարձրացման համար Երեւանի քաղաքապետարան հայտ են ներկայացրել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն, սակայն մեզ ասացին, որ այդ խնդրով իրենք չեն զբաղվում: Քաղաքապետարանից խորհուրդ տվեցին դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ՀՀ կառավարություն, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայություն, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարություն եւ այլն, որոնք ներգրավված են վերոնշյալ հարցն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովում: Իսկ քաղաքապետարանը, պարզվում է, այս հարցում ընդամենը վերահսկողի գործառույթ է կատարում եւ ոչ մի բանից տեղյակ չէ:

ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունում առաջին անգամ մեզնից էին լսում նման հանձնաժողովի գոյության մասին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից մեզ ասացին, որ տրանսպորտն իրենց ուսումնասիրության ոլորտը չէ եւ զարմացան, որ քաղաքապետարանից խորհուրդ են տվել դիմել իրենց: Թեեւ մի քանի րոպե անց մեզ տեղեկացրին, որ իրենց, Երեւանի քաղաքապետարան ու Տրանսպորտի եւ կապի նախարարություն գրություններ են ներկայացվել: Թե ինչ գրություններ էին դրանք, հանձնաժողովի մամուլի ծառայությունում տեղյակ չէին: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից ընդհանրապես ոչինչ չկարողացանք ճշտել:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողվից էլ ասացին, որ տրանսպորտի գնի փոփոխությունների հետ կապված միայն ու միայն Երեւանի քաղաքապետարանն է իրավասու պատասխանել, քանի որ երբ այն մրցույթ է հայտարարում եւ ընտրում հաղթողին, ապա սահմանում է երթուղու եւ պայմանները, եւ գինը: «Տրանսպորտն իր գործունեությունն իրականացնում է կոնկրետ իրավահարաբերություններով, այսինքն՝ պայմանագրերի հիման վրա: Եթե խնդիրներ են առաջանում, ապա ուղղակիորեն դիմում են քաղաքապետարան: Ըստ այդմ՝ այս հարցով շատ իզուր են մեր հանձնաժողովին մատնացույց արել: Միայն կարող եմ ասել, որ մեր մասնագետը Տարածքային կառավարման նախարարության համակարգման ներքո գործող հանձնաժողովի անդամ է: Նա միայն զուտ մրցակցային օրենսդրության հետ կապված ուսումնասիրություններին է մասնակցում»,- «Ա1+»-ին ասաց ՀՀ ՏՊՊՀ մամուլի պատասխանատու Արմինե Ուդումյանը:

Դիմեցինք նաեւ ՀՀ կառավարությանը: Սակայն այստեղից էլ մեզ խորհուրդ տվեցին դիմել Տարածքային կառավարման նախարարություն: Մամուլի պատասխանատու Անահիտ Հայթայանը «Ա1+»-ին ասաց, որ ԱԺ-ում ընդամենը հարց է եղել, թե ինչ պետք է արվի գների բարձրացման հետ կապված եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը նաեւ Տարածքային կառավարման նախարարն է, պատասխանել է, որ հարցի ուսումնասիրության համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ: «Այն արդեն ստեղծվել է եւ նոր միայն պետք է սկսի ուսումնասիրություններ անել: Արդյունքների մասին մոտ ապագայում բոլորն արդեն տեղյակ կլինեն: Փոխվարչապետին ընդամենը պետք է զեկուցեն կատարված աշխատանքների համար: Նա ընդամենը համակարգողն է, այլ ոչ խմբի ղեկավարը: Երբ աշխատանքային խումբն իր եզրակացությունը տա, կառավարությունը համապատասխան որոշում կայացնի, արդեն ամեն ինչ կկանոնակարգվի: Հիմա արդեն որոշ բաներ արվում են»,- նշեց Անահիտ Հայթայանը: