Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐՑՆ ԱՅԴՊԵՍ ԼՈՒԾՎԵ՞Ց

Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դադարեցրել է Սուքիասյանների`«Պարես Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: «Ֆիլիպ Մորիս» ինթերնեյշնլի հայաստանյան դիստրիբյուտոր «Պարես Արմենիա» ընկերությունը դիմել էր Հանձնաժողով` ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի կողմից ընկերությանն ակցիզային դրոշմանիշ չտրամադրելու արգելքը վերացնելու խնդրանքով:

Հարուցված վարույթի ընթացքում խնդրի բազմակողմանի եւ օբյեկտիվ, ինչպես նաեւ` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու նպատակով Հանձնաժողովը դիմել է ընկերությանը` խնդրանքով ներկայացնել դիմումի մեջ նշված հանգամանքները հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն, իսկ Մաքսային կոմիտեին` տալ պարզաբանում: Ըստ ընկերության գրության, Մաքսային կոմիտեն մերժել է ակցիզային դրոշմանիշեր տրամադրել, վերապահմամբ,որ համապատասխան պայմանագրից պարզ չի պայմանագրի ժամկետը»:

Ըստ նույն գրության, այնուհետեւ ընկերությունը Հայաստան է ներմուծել եւս 2 խմբաքանակ ծխախոտ, վճարել հաստատագրված հարկ, ապրանքը հայտարարագրվել է, սակայն, ըստ ընկերության, Մաքսային կոմիտեի կողմից բաց չի թողնվել եւ խոչընդոտը չի վերացել:

Վարույթի ընթացքում Մաքսային կոմիտեն Հանձնաժողովին հայտնել է, որ խնդրո առարկա սիգարետների տուփերը պարունակում են նշագրումներ, որոնք, ըստ մաքսային մարմինների, հակասում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, Կոմիտեի կողմից հարցում է կատարվել շահագրգիռ մարմիններին, որոնց եզրակացություններն ստանալուց հետո կորոշվի հարցի հետագա ընթացքը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ խնդրի համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, ընկերությանը թույլատրվել է ստանալ մաքսատանն արդեն ձեւակերպում ստացած եւ մաքսային հսկողության տակ գտնվող սիգարետների խմբաքանակները:

Հաշվի առնելով, որ, ըստ էության, ընկերության կողմից բարձրացված խնդիրն արդեն իսկ ստացել է համապատասխան լուծում, Հանձնաժողովը դադարեցրեց հարուցված վարչական վարույթը:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Սուքիասյանները «Պարես Արմենիա» ընկերության իրենց փայաբաժինը «Սովրանո» ընկերությանը վաճառելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել:

Գործարքի ձեւակերպումից հետո Սուքիասյանների փայամասնակցությունը «Պարես Արմենիա» -ին կդադարեցվի: