ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԳՆԵՐԻ ԱՃ
Աջակցիր «Ա1+»-ին2008թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 2.6% հավելաճ: 2008թ. ապրիլին մարտի համեմատ ծառայությունների ոլորտում գրանցված սակագների 2.6% հավելաճը հիմնականում պայմանավորվել է բուժսպասարկման (5.3%), տրանսպորտի (4.3%), հանրային սննդի (3.4%) ծառայությունների սակագների հավելաճով:
Սրանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են: «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2008թ հունվար-ապրիլին» հրապարակման համաձայն` ապրիլին Հանրապետությունում շարունակվել է հացի, ալյուրի, ինչպես նաեւ կարագի ու բուսական յուղի գնաճի միտումը:
Նշված ապրանքատեսակները սպառողական զամբյուղում ունենալով 13.91% տեսակարար կշիռ եւ 6.0% ընդհանուր գնաճ, ապրիլին սպառողական գների ընդհանուր գնաճին նպաստել են 0.8 տոկոսային կետով:
Սպառողական գների ինդեքսը 2008թ. ապրիլին 2007թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 106.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 107.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6%, իսկ ծառայությունների սակագներինը` 106.3%:
2008թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.5%, ինչը 1.0 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.5%):
Հանրապետությունում դիտարկված 9 քաղաքներում 2008թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-2.8%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում), իսկ Հրազդան, Չարենցավան եւ Մարտունի քաղաքներում արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում գնաճը կազմել է 1.2%:
2008թ, ապրիլին 2007թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 41.3%, իսկ 2008թ. մարտի համեմատ` 5.6% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է առաջին տեսակի (5.9%) եւ բարձր տեսակի (9.2%) ալյուրի, ինչպես նաեւ բարձր տեսակի հացի (5.6%), լավաշի (6.4%), մակարոնեղենի (7.3%) գնաճով: Մայրաքաղաքում հացամթերքը թանկացել է 6.0%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի 1.1-11.0% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Էջմիածնում: Մայրաքաղաքում սուրճի, թեյի, կակաոյի գներն աճել են 3.4%-ով:
2008թ. ապրիլին մարտի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 2.0% գնաճ, ինչը մեծապես այմանավորվել է խոզի եւ տավարի մսի` համապատասխանաբար 9.1% եւ 3.7% գնաճով: Ոչխարի մսի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 4.2%-ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում մսամթերքի գներն աճել են 0.2-3.1%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ դիտարկված մյուս 3 քաղաքներում գրանցվել է 1.1-0.1% գնանկում: Ձվի միջին հանրապետական գինը 2008թ. ապրիլին մարտի համեմատ աճել է 1.3%-ով: Երեւան, Վանաձոր եւ Արտաշատ քաղաքներում արձանագրվել է ձվի 1.9-5.3% գնաճ, 4 քաղաքներում` 8.3-0.3% գնանկում, իսկ դիտարկված մյուս 4 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2008թ. ապրիլին մարտի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի գները նվազել են 14.0%-ով, իսկ 2007թ. ապրիլի համեմատ` 7.2%-ով: Մայրաքաղաքում բանջարեղենի եւ կարտոֆիլի գները նվազել են 15.0%-ով:
Մրգի ապրանքախմբում 2008թ. ապրիլին 2007թ. ապրիլի համեմատ գրանցվել է 2.3% գնաճ, իսկ 2008թ. մարտի համեմատ` 1.1% գնանկում:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ. ապրիլին մարտի համեմատ գրանցված 0.6% գնաճի վրա իր որոշակի ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.5% եւ 5.2% գնաճը: 2008թ. ապրիլին 2007թ. ապրիլի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գնաճը կազմել էհամապատասխանաբար 11.5% եւ 24.5%, իսկ 2007թ. դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 3.3% եւ 7.6%:
Նշենք, որ ըստ գործող մեթոդաբանության, ՀՀ-ում գների դիտարկումը կատարվել է 2008թ. ապրիլի 1-ի, 10-ի եւ 20-ի մոտակա օրերին Երեւան քաղաքում եւ հանրապետության մարզերի 11 բնակավայրերում 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով:
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2008թ. I եռամսյակի միջին ընթացիկ գներով` ամսական կտրվածքով` 37634.2 դրամ է/ մեկ շնչի համար/: