«ԳԾԻ ՏԵՐԵՐԸ» ՈՐՈՇԵԼՈՒ ԵՆ ՈՒՂԵՎԱՐՁԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից կառավարությունը դադարեցրել է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Արդյունքում` ֆիզիկական անձինք գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 59 դրամի փոխարեն կվճարեն 84 դրամ:
2006 թվականին Հայաստանի կառավարությունը «ՀայՌուսգազարդ» ընկերությանը տրամադրել էր 188.8 մլն դոլար որպես գազի սպառման սահմանված սակագների մասնակի փոխհատուցում:
Ենթադրվում է, որ սուբսիդավորման դադարեցումը կբերի մի շարք ապրանքատեսակների ու ծառայությունների գների թանկացում, մասնավորապես կավելանա ուղեվարձը:
Երթուղային տաքսիներն հիմնականում աշխատում են գազի բալոններով:
Վարորդներից մեկը պատմում էր, որ երեկ գազի լիցքավորման կայանները լիքն էին երթուղային տաքսիներով: Այսօր արդեն իրենց, այսպես ասած՝ «գծի տերերը» պետք է ժողով անեն ու որոշեն, թե արդյոք թանկացնելո՞ւ են ուղեվարձը եւ եթե այո, ապա որքա՞ն կլինի բարձրացումը: «Ինձ թվում է՝ անխուսափելի է ուղեվարձի թանկացումը, քանի որ գազ գինը բարձրացել է: Դրանք միմյանց շաղկապված բաներ են»,- ասաց «59» երթուղային տաքսու վարորդներից մեկը:
Օրինակ՝ Գյումրիում գազալիցքավորման կայաններում արդեն թանկացում կա, որը դեռ որ ազդել է մասնավոր տաքսիների ուղեվարձի վրա: Իսկ քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դեռ չի բարձրացել:
Երեւանի քաղաքապետարանն էլ դեռ քննարկում է մասնավոր սեկտորի ներկայացրած թանկացման հայտերը, բայց ըստ քաղաքապետարանի պատասխանատուների՝ տրամաբանությունը թելադրում է, որ ուղեվարձի բարձրացումն, ամենայն հավանականությամբ կլինի: