ԽՈԶԱՏԵՐԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության որոշմամբ աֆրիկյան ժանտախտից կորուստներ ունեցած խոզատերերին դրամական փոխհատուցում է տրվելու: Սակայն բազմաթիվ խոզատերեր զրկված են այդ փոխհատուցումից: Անասնապահներից ստացված 40 գրավոր եւ բազում բանավոր բողոքների հիման վրա Նոյեմբերյանի քաղաքապետարանում դիմումատու անասնատերերի մասնակցությամբ կայացավ ժողով,որին ներկա էր Տավուշի մարզի անասնաբուժական տեսչության պետ Թաթուլ Ստեփանյանը:
Քննարկումից պարզվեց, որ անասունների մի մասը պահվել է Նոյեմբերյանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քարակիտուկ սարամասում, ինչը դժվարացրել է այնտեղ համայնքային հանձնաժողովի կողմից աֆրիկյան ժանտախտից անկված խոզերի ակտավորումը: Հանձնաժողովը այդ օրերին պարզապես չէր հասցնում ակտավորել անկումը, քանի որ սատկած անասունների շատ էին:
Չնայած տեղական «Քամուտ» հեռուստաընկերությամբ հայտարարություն է տրվել անկված անասունների ակտավորման կարգի մասին, սակայն անտառում խոզ պահողները դրան անտեղյակ են եղել: Ոմանք էլ չեն հավատացել, որ պետությունը փոխհատուցում կտա, որպեսզի սատկած խոզերը հաշվառեն: Խոզատերերի մի մասն էլ սատկած անասունների մասին բավական ուշացումով` օրեր կամ նույնիսկ մեկ ամիս անց է տեղեկացրել տեղի անասնաբույժին կամ համայնքային հանձնաժողովին, ինչը դժվարեցնում է ախտորոշումը:
Թաթուլ Ստեփանյանի խոսքերով, փոխհատուցում տալու նպատակով հիմա անհնար է ճշտել սատկած եւ թաղված անասունների կենդանի քաշի չափը: Առաջիկայում Նոյեմբերյանի քաղաքապետը հավանաբար նամակով կդիմի կառավարություն` խնդրելով լրացուցիչ կերպով փոխհատուցում հատկացնել խոզերը կորցրած անասնատերերին: Բայց կառավարությունը կընդառաջի՞ այս հարցում:
Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն