Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՆԱՑԱԾԸ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ

Մարզեր

Այսօր Գյումրի է այցելել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Այցը քաղաքական նպատակ չի հետապնդում. լրագրողների համար սա հատուկ հայտարարվել է: Վարչապետն եկել է Գյումրի` մի հուշարձանի համար հարմար վայր ընտրելու նպատակով:

Նոր հուշարձանն հավերժացնում է 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակն ու նվիրված է նաեւ փրկարարներին:

Հուշարձանի հեղինակը եւս Սերժ Սարգսյանի հետ Գյումրիում էր: Մոսկվաբնակ քանդակագործ Ֆրեդ Սողոյանը աշխատանքը սկսել եւ ավարտել է Ռուսաստանի հայերի միության ֆինանսավորմամբ:

Վարչապետը, Շիրակի մարզպետն ու քաղաքապետը քանդակագործի եւ այլ հյուրերի հետ ծաղկեպսակ դրեցին Սբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում գտնվող երկրաշարժի զոհերի հուշակոթողին: Նոր հուշարձանի տեղադրման վայր առաջարկվել է հենց այդ տարածքը: Փաստորեն հին հուշարձանը հանվելու է, որպեսզի նորը տեղ ունենա: Այս հարցը դեռ խմորման փուլում է,-տեղեկացրել են պատասխանատուները: Եթե դա չլինի, ապա այլ վայր կառաջարկվի, բայց էլի նույն եկեղեցու տարածքում:

Այս խնդրի քննարկումից հետո կայացել է եւս մեկ այլ քննարկում, արդեն Շիրակի մարզպետարանի շենքի փակ դռների հետեւում: Վարչապետն ու տեղի այրերը լրագրողներին հայտնել են, որ դռնփակ խորհրդակցության ընթացքում քննարկվելու է զուտ հուշարձանի վայրի ընտրությունը: Հարց, որը սկզբում քննարկվել էր ոտքի վրա` Ամենափրկիչ եկեղեցու տարածքում:

Արմենուհի Մինասյան

Գյումրի