ԲԳՎ-Ն ԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում անօթեւանության խնդիրը կառավարությունը շարունակում է լուծել Բնակարաննների գնման վկայագրերի` ԲԳՎ ծրագրով:
Նոր վկայագրեր են տրամադրվել եւս 63 անօթեւան ընտանիքների: Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության համաձայն, այս տարվա ծրագրի իրականացման համար պետբյուջեից ծրագրին ուղղվել է 1 մլրդ 70 մլն դրամ, որի շրջանակներում 256 ԲԳՎ-ներ են հատկացվել փախստական եւ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների: Անօթեւան գյումրեցիներից շատերը փաստում են, որ վկայագիրը վերցնում են այլընտրանք չունենալով: Նրանցից շատերն ինչպես վերցնում, այնպես էլ հետ են վերադարձնում :
Ըստ օրենքի, ԲԳՎ-ի արժեքը սահմանվում է հիմք ընդունելով կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկացված նախորդ եռամսյակում Գյումրիի բնակարանների շուկայական միջին արժեքը: Սակայն նախորդ տարիների փորձն արդեն ցույց է տվել, որ շուկան արագ արձագնքում է եւ ըստ այդմ էլ նկատվում է բնակարանների գների կտրուկ բարձրացում: Ներկա պահին վկայագրով սահմանված գումարը հեռու է բնակարանների առկա գներից: Անօթեւանների թիվն եւս հստակեցման կարիք ունի: Յուրաքանչյուր տարի այն ենթարկվում է փոփոխության: Գյումրեցիները բնակարան չեն ստանում, նրանց թիվը, սակայն, պակասում է:
Այժմ, ըստ հերթացուցակի, Գյումրիում դեռ կա 3972 անօթեւան ընտանիք եւ եթե անօթեւանների բնակարանային խնդիրը լուծվի միայն ԲԳՎ-ի միջոցով, ապա մոտ ապագայում իշխանությունների՝ քաղաքը տնակներից ազատելու լավատեսական խոստումները հազիվ թե իրականանան:
Արմենուհի Մինասյան
Գյումրի