Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրբելյանը հուզվեց, պահանջը լրացվեց (տեսանյութ)

Հասարակություն
opera-1

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը հավաքվել է՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանի առիթով, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը։ Իրենք ոչ միայն պահանջում են Օրբելյանին չազատել պաշտոնից, այլեւ Նազենի Ղարիբյանից  հրաժարական տալ, մանավանդ որ տպավրություն է,  որ «նա չի սիրում իր աշխատանքը»։ Տիկին Ղարիբյանն օգտագործել է «անիծյալ աշխատանք» արտահայտությունը։ «Մենք ենք տերը մեր օպերայի  եւ որեւէ մեկն առանց մեզ որոշում կայացնելու իրավունք չունի»,- ասում են նրանք։ Նազենի Ղարիբյանը ներկա չէր, թեեւ հրավիրված էր.նա մեկնել է Դիլիջան։ Օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանն առաջարկեց ընդհանրապես քննարկման մեջ չմտնել Նազենի Ղարիբյանի հետ, որը չի ցանկանում իրենց կոլեկտիվի անդամներին ճանաչել՝ այս հանդիպմանը գալով։  Հանդիպմանը ներկա են նաեւ օպերային արվեստի երկրպագուներ, արվեստագետներ, որոնք եկել են սատարելու մաեստրո Կոնստանտին Օրբելյանին։ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը խորհուրդ տվեց  Մշակույթի նախարարության աշխատակիցներին հիշել մի առիթով Առնո Բաբաջանյանի խոսքը կենտկոմի մշակույթի ոլորտի պաշտոնյաին. «Չմոռանաք, Ձեր աշխատավարձը մենք ենք տալիս»։  Դիրիժոր Հարություն Արզումանյանը պատմեց, որ իրենք  քննարկել են գործադուլ անելու տարբերակը, բայց որոշել են  չզրկել հանդիսատեսին այսօր «Դիմակահանդես»-ը դիտելու հնարավորությունից։ Նրան ուղղակի զարմացրել է Նազենի Ղարիբյանի անտեղյակությունը օպերային թատրոնի գործունեության մասին։   Նա կարծում է, որ ստորագրահավաքը պետք է լինի ոչ թե Կոնստանտին Օրբելյանին չազատելու, այլ Նազենի Ղարիբյանին հեռացնելու պահանջով։ Քանի որ առաջիկա երկու ներկայացումների տոմսերը վաճառվել են, դրանք չեղյալ չեն համարվի։  Սակայն եթե իրենց պահանջը չկատարվի, օպերային թատրոնի աշխատակիցները գործադուլ կանեն։ Ի դեպ,  Կոնստանտին Օրբելյանը խոսեց ռուսերեն, սակայն մի նախադեսություն ասաց հայերենով. «Ես սիրում եմ Հայաստանը»։ Նա հուզվեց, որ այս ամենը ստիպված է լինելու թողնել ։