Սերգեյ Մովսեսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը շարունակում են մեդալների համար պայքարը
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Արդեն կայացած 9 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 7 շախմատիստ, որոնք վաստակել են 7-ական միավոր: Նրանց հաջորդում են 16 մասնակիցներ, որոնք հետ են մնում ընդամենը կես միավորով: Առաջատարներին հետապնդողների թվում են Հայաստանի երկու ներկայացուցիչները: Սերգեյ Մովսեսյանն ընթացիկ տուրում հաղթեց Քրիստոֆեր Ռժեպկային, իսկ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց հունգարացի Բենջամին Գլեդուրայի հետ: Նրանք շարունակում են մրցանակային տեղերի համար պայքարը, իսկ ահա 6-ական միավոր ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հիմնականում կվիճարկեն աշխարհի գավաթի 22 ուղեգրերը: Այսօր կայանալիք նախավերջին՝ 10-րդ տուրում, Սերգեյ Մովսեսյանը սեւերով կմրցի ուկրաինացի Անտոն Կորոբովի, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ հունգարացի Ֆերենց Բերկեշի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցը իսրայելցի Ալեքսանդր Հուզմանն է, իսկ Հայկ Մարտիրոսյանինը՝ ռուսաստանի Եվգենի Տոմաշեւսկին: