ՀԺ. Կասկածելի գործընթացներ ենք հասցրել արձանագրել ՀՌՀ խորհրդի նախագահի մրցույթում. Նավասարդյան
Մարտի 25-ից Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում ձեւավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը սկսել է ստուգել ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված մասնակիցների փաթեթները, դրանց ամբողջականությունն ու համապատասխանությունը:
5 անդամից բաղկացած հանձնաժողովում են Գյումրու «Ասպարեզ ակումբ»-ի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ու ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց՝ նախկինում չէին էլ հետեւում Հանրայինի խորհրդի նախագահի, կամ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթներին, որովհետեւ գիտեին, որ կընտրվի կոնկրետ մեկը, որին ցանկանում է նշանակել իշխանությունը:
«Թեեւ այսօր բոլորովին այլ իրավիճակ է, բայց մենք հասցրել ենք արձանագրել մի քանի կասկածելի գործընթացներ»,-ասաց Նավասարդյանը՝ մտահոգություն հայտնելով, որ 2018-ին ձեւավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովի որոշ անդամներ այնպես չեն առաջադրվել, ինչպես կարգն էր:
«Ժամանակին որոշակի կասկածներ են եղել նաեւ մշակույթի նախարարության ներկայացուցչի հետ կապված, հետագայում դա հարթվեց»: Նավասարդյանը կասկածի տակ է առնում մրցութային հանձնաժողովի անդամներից մեկ անձի, խոսքը Համլետ Գասպարյանի մասին է, որն առաջադրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից:
Երեւանի մամուլի ակումբի նախագահը նկատեց, որ Համլետ Գասպարյանն ընտրվել է այն հանձնաժողովի կողմից, որի նախագահն այսօր խորհրդի նախագահի թեկնածուների թվում է. խոսքը՝ ՀՌ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի մասին է:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումն ավարտվել է մարտի 21-ին, մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 23 թեկնածուներ, որոնց թվում է նաեւ հունվարի 29-ից ՀՌՀ նախագահ ընտրված Տիգրան Հակոբյանը: Խորհրդի նախագահի պաշտոնում վերջինիս առաջադրումը շատերի սրտով չէ, եւ դա ակնհայտ է:
Նավասարդյանը նկատեց, որ չնայած օրենքը որեւէ կարգավորում չունի եւ սահմանափակումներ էլ չկան, այնուամենայինիվ այն անձը, որն օրենքով ձեւավորում է մրցութային հանձնաժողով եւ հաստատում է հանձանաժողովի անդամներին, հետագայում առաջադրվելով՝ միանշանակ առաջացնում է շահերի բախում: «Ստացվում է՝ իրենց մասին որոշում են ընդունելու նրանք, ում ժամանակին հաստատել են իրենք»,-ասաց նա:
«ՀՌ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելն օրենքով չի արգելվում, այն ավելի շատ էթիկայի տեսանկյունից է սխալ: Հետագայում անհրաժեշտ է այդ հարցը եւս օրենքով հստակեցնել, որպեսզի այն մարդիկ, ովքեր որոշում են կայացնում մրցութային հանձնաժողովի վերաբերյալ, իրավունք չունենան իրենց թեկնածությունն առաջադրել»,-ասաց Նավասարդյանը՝ վստահեցնելով, որ եթե ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամներից գոնե մեկին ՀՌՀ-ն է ընտրել եւ հաստատել, սա արդեն հուշում է, որ ակնհայտ շահերի բախում կա:
Այնուամենայնիվ, Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ գոնե այս անգամ կարելի է որոշակի անաչառ ընտրություն ակնկալել, քանի որ մրցութային հանձնաժողովի անդամների գոնե կեսը փորձառու մարդիկ են, իրենց գործում պրոֆեսիոնալներ: Վերջինիս բնորոշմամբ՝ թեեւ նախորդ տարիների համեմատ մրցույթը բավականին բաց է ընթանում, այնուամենայնիվ, թե՛ հանձնաժողովում, եւ թե՛ մրցույթի մասնակիցների թվում շատ են այն մարդիկ, որոնք աղոտ են պատկերացնում Հանրային հեռուստաընկերության գործառույթները:
Անդրադառնալով ՀՌ հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանի՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրմանը, Նավասարդյանը չբացառեց, որ Բունիաթյանի՝ ՀՌ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելը ներքին պայմանավորվածության արդյունք էր:
ՀՌ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ հայտնեց, որ Հանրայինի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելը գիտակցված որոշում է եղել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՌՀ նախագահը նշեց, որ տեղյակ է նաեւ իր հասցեին հնչեցված քննադատություններին. «1988 թվականից ես քննադատվում եմ, չի քննադատվում այն մարդը, որը ոչինչ չի անում»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում