Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայկա»-ն պանրի գործարան բացեց (տեսանյութ)

Պաշտոնական
spayka1

Այսօր տեղի ունեցավ  «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի արտադրման և այլ կաթնամթերքի գերարդիական տեխնոլոգիաներով հագեցած գործարանի պաշտոնական բացումը։  Մինչ բացումը, լրագրողների հետ զրույցում «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը որոշ մանրամասներ ներկայացրեց գործարանի վերաբերյալ: Նրա խոսքով՝ նախագծի իրագործման համար ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար, իսկ գերմանացի և հայ մասնագետների կողմից նախագծված գործարանը կառուցվել է մեկ տարվա ընթացքում: Ներդրվել են պանրի արտադրության գերմանական և հոլանդական տեխնոլոգիաներ:  «Սպառման հիմնական շուկաները Եվրասիական տնտեսական միության երկրներ են, ինչպես նաև մերձավորարևելյան շուկաները, մասնավորապես՝ Արաբական էմիրությունների միջոցով և ամբողջ արտադրությունը ենթակա է սպառման, բայց այն նաև սպառվելու է Հայաստանում»,- ընդգծում է փոխտնօրենը:    Համապատասխան ծրագիր է մշակվել, Բաղդասարյանի փոխանցմամբ, ըստ որի՝ գործարանը նախատեսում է մթերել տարեկան 20 միլիոն լիտր որակյալ կաթ շուկայականից ավելի բարձր գներով՝ 1 լիտրը 190 դրամով, իսկ կաթի մթերում կազմակերպելու ու որակը բարձրացնելու համար գործարանը համագործակցող ագարակատերերին տրամադրելու է արոտավայրերում ու ստացիոնար ֆերմաներում օգտագործելու համար նախատեսված համապատասխան շարժական սառնարաններ ու կաթի կազմակերպման սարքավորումներ։ Պանրի արտադրության տնօրեն Լեւոն Թոփչյանը նշեց, որ գործարանի հզորությունը կազմում է տարեկան 2 հազար տոննա պանրի արտադրողականություն, իսկ արտադրվող պանրի տեսականին հետագայում ընդլայնվելու է և արտադրողականությունը կրկնապատկվելու է։ Գործարանի կողմից տարեկան մթերվելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ: Ընկերությունը հիմնել է լաբորատորիա՝   կաթի որակի ստուգման համար: Երկրորդ փուլում այս գործարանի հարևանությամբ ընկերությունը նախատեսում է կառուցել լրացուցիչ 2-րդ գործարանը կիսաչոր և չոր պանիրների տեսականու համար, ինչի նպատակով համատեղ ներդրումներ են նախատեսվում հոլանդական ներդրող ընկերության հետ: Երկրորդ փուլում արտադրվելու են հոլանդական ու շվեյցարական տեսակի բարձրակարգ պանիրներ: Ներդրումների ընդհանուր չափը կկազմի մոտ 30 մլն դոլար, իսկ գործարանի արտադրողականությունը  դրա շնորհիվ կավելանա ավելի քան 6 հազար տոննայով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց գործարանի բացմանը։ Նրան էին ուղեկցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և այլք։