Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ. ՀՔԿ նախագահը՝ ԵԽ պաշտոնյային

Պաշտոնական
14

ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին: Ողջունելով հյուրերին՝ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԵԽ-ի երևանյան գրասենյակի հետ ինտենսիվ և արդյունավետ համագործակցությանը: Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝  նախկինում համատեղ իրականացված ծրագրերի համար և  հայտնել իր պատրաստակամությունը՝ համագործակցությունը խորացնելու և ծրագրերը  նոր թափով շարունակելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր կողմից  նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մշակված մի շարք ծրագրեր, որի իրականացումն այս պահին ընթացքի մեջ է:  Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ողջունել է ՔԿ նախագահի ներկայացրած ծրագրերը և հայտնել իր անվերապահ աջակցությունը դրանց իրականացման ընթացքում: Հանդիպման ընթացքում  ԵԽ պատվիրակության ղեկավարը ՔԿ նախագահից  հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից: Հայկ Գրիգորյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում կալանքը՝  որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ և, ըստ այդ տվյալների, տարեցտարի նվազել է կալանավորված անձանց թիվը: Հայկ Գրիգորյանը եվրոպացի գործընկերների մոտ շեշտել է ՀՀ քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ. «ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, լավագույն վկայությունն է այն բանի, որ ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ  իշխանությունը  կարևորում  է անձի արժանապատվությունը, և կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում»: Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ևս մեկ անգամ  իր պատրաստակամությունն  է հայտնել՝ աջակցել Կոմիտեի կողմից իրականացվելիք ծրագրերին և նշել, որ բարձր է գնահատում  Քննչական կոմիտեի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը, քրեական գործերի քննության, դրանց արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ձեռնարկվող քայլերը:     ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին