«ԱնԾառայինը» կդառնա անտառային (տեսանյութ)
«Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ): Նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: 1990-ականների էներգետիկ ճգնաժամի զանգվածային հոսանքազրկումները պատճառ դարձան զանգվածային ծառահատումների: Երևանի ցրտաշունչ ձմեռային օրերին, երբ հոսանք կար ընդամենը մեկ-երկու ժամ, երևանցիները, որպես վառելափայտ, ճարահատյալ կտրեցին հազարավոր ծառեր։ Էներգետիկ ճգնաժամը մնաց որպես ծանր հիշողություն: Հիշողություն մնացին նաև Երևանի երբեմնի անտառային տարածքները, դարձան «անծառային»: «Երբ որ ես 1940-ականներին եկա Երևան, քաղաքը փոշու մեջ կորած էր:- «Ա1+»-ի հետ հարցազրույցներից մեկում ասել էր Սոս Սարգսյանը. «Ժամը հինգից հետո՝ դեղին փոշի էր: Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հարությունովը, Գրիգորի Արտեևիչը միտք դրեց Երևանը շրջապատել անտառով: Եվ առաջինը Նորքի թեքությունը սկսեց ծառապատել ու Ծիծեռնակաբերդը»: Նա այն տարիներին ուսանող էր ու շատ ուսանողների հետ ինքն էլ ծառատունկին մասնակցեց: «Նորքի անտառը, որ բարձրացավ, փոշին քաղաքում վերացավ: Հետո եկան մութ ու ցուրտ տարիները, ծառերը կտրատեցին ու քաղաքը նորից փոշու մեջ հայտնվեց: Եթե երկրին տեր եք, վերականգնեք էդ անտառները»- պահանջում էր սիրված դերասան Սոս Սարգսյանը: