Նման խաչակրաց արշավանքները տեղ չունեն մեր աշխարհում. Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբ
Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը միանշանակ դատապարտում է Քրայսթչերչ քաղաքում մզկիթների վրա տեղի ունեցած հարձակումները, որոնց հետևանքով 49 մարդ է մահացել: Այս մասին ասվում է Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ: «Մենք դատապարտում ենք նաև զինված մեղադրյալի կողմից հայերենին, ինչպես նաև այլ քրիստոնյա ազգությունների՝ վրացիների, սերբերի, ռուսների և ավստրիացիների լեզուներին անդրադառնալու փորձը՝ այդ լեզուներով նշումներ անելով իր զենքի վրա, որով հարձակում է իրականացրել մահմեդական համայնքի վրա: Նման խաչակրաց արշավանքները տեղ չունեն մեր աշխարհում, և հաստատապես տեղ չունեն խաղաղասեր Նոր Զելանդիայում: Նոր Զելանդիայում և ողջ աշխարհում բնակվող հայերն անվերապահորեն կանգնած են հարձակման ենթարկված մզկիթների հետևորդների և անդամների կողքին: Մենք սգում ենք այն ընտանիքների հետ, որոնք կորցրել են իրենց սիրելիներին, ինչպես նաև Նոր Զելանդիայի ողջ մահմեդական համայնքի հետ: Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբն իր խորին ցավակցությունն է հայտնում և աղոթում է այս դժվարին պահին», - ասվում է Հայ դատի հանձնախմբի կայքում: