Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն առաջիններից է ճանաչել կանանց ընտրական իրավունքը. Արարատ Միրզոյան

Պաշտոնական
ararat-mirzoyan-2

Այսօր կանանց միջազգային օրն է։ Այս օրը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք և հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլև ևս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց  դերի բարձրացման, կանանց հասարակական և քաղաքական մասնակցության մասին։ Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ, Զապել Եսայանից մինչև Սիլվա Կապուտիկյան։ Հայաստանի առաջին Հանրապետությունը կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը ճանաչած առաջին պետություններից էր, խորհրդարանում ուներ կին պատգամավորներ։ Առաջին հանրապետությանն էր պատկանում նաև նորագույն ժամանակաշրջանի առաջին կին դիվանագետն ունենալու պատիվը՝ ի դեմս Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Աբգարի (նկարում)։ Մինչդեռ մեր հասարակության մեջ ցայսօր երբեմն տեղ ունեն կանանց իրավունքների և ազատությունների ստորադասումը, ոտնահարումը և անգամ կանանց նկատմամբ բռնությունը՝ երևույթներ, որոնք պայմանավորված են դարեր շարունակ օտար կրոնների և մշակույթների ազդեցությամբ և պատմականորեն ու քաղաքակրթական առումով բացարձակապես խորթ են հայկականությանը, հայկական միջավայրին։ Նոր Հայաստանում մենք պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց ազատորեն ստեղծագործել, արարել և իրենց ծանրակշիռ ավանդն ունենալ հասարակության և պետության ամրացման գործում։ Սիրելի կանայք, Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան