Սպանություն Երևանում. կասկածյալը նույն օրը հայտնաբերվել է (տեսանյութ)
Մարտի 4-ին, ժամը 00:45-ին, բուժհաստատությունից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ ստացվեց, որ Միքայելյան հիվանդանոցի դիմացի սեփական տներից մեկում մահացած մարդ կա: Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց նշված վայր: Բակում հայտնաբերվեց տանտիրոջ՝ 50-ամյա Արմեն Փարսադանյանի արնաշաղախ դիակը: Տեղում պարզվեց կատարվածի մանրամասները: Ըստ նախնական տվյալների, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել երկու հարևանների միջև: Վիճաբանությունը վերածվել էր քաշքշուկի, և 42-ամյա Արմեն Մուրադյանը 3 կրակոց էր արձակել ու սպանել հարևանին: Ձեռնարկվեց օպերատիվ-հետախուզական և որոնողական ծավալուն միջոցառումներ, ինչի ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ Արմեն Մուրադյանը թաքնվում է Վանաձորում՝ իր բարեկամներից մեկի տանը: Օպերատիվ խմբերից մեկը մեկնեց Վանաձոր, զուգահեռ ձեռնարկվեց նաև բացատրական աշխատանք: Նույն օրը՝ երեկոյան, Արմեն Մուրադյանը ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և խոստովանեց, որ ինքն է սպանել հարևանին: Նա ոստիկաններին ներկայացրեց նաև հանցագործության գործիքը՝ դատարկ պահունակով, գործարանային համարով «Մակարով» ատրճանակը: Ըստ Մուրադյանի՝ պահունակի մեջ 3 փամփուշտ է եղել, որոնք բոլորն էլ կրակվել են: Նշանակվել են փորձաքննություններ: Արմեն Մուրադյանը ձերբակալված/կալանավորված է: Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: