Քա՞նի անգամ պիտի ջարդվենք, որ հասկանանք՝ թուրքը չի փոխվել. Վահագն Չախալյան (տեսանյութ)
Սումգայիթի և Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք քաղաքացիներ Ծիծեռնակաբերդում զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին: Հայոց ազգային գվարդիայի հրամանատար Տիգրան Չոբանյանը պնդում է, որ թուրքի հետ երբեք խաղաղության մեջ ապրել չի լինի: «Թուրք ոսոխի հետ համերաշխության և խաղաղության մեջ ապրել առանց նրանցից ուժեղ լինելու և առանց նրանց խաղաղության պարտադրելու՝ հնարավոր չի»: Թե ինչու՞ մինչև այսօր Հայաստանը Ադրբեջանից որևէ փոխհատուցում չի պահանջել, Տիգրան Չոբանյանը նշում է, որ նախկին իշխանությունները դա չեն համարել կարևորագույն օրակարգ, բայց այնպես չէ, որ ցանկություն չեն ունեցել: Նոր իշխանություններից նրանք ակնկալում են, որ այս հարցին լուծում կտրվի: «Այս պահին և՛ Սումգայիթի, և՛ Բաքվի ջարդերը պետք է բարձրաձայնվի, տրվի նրան և՛ քաղաքական, և՛ բարոյական գնահատական»: Տիգրան Չոբայանը ցավով նշեց, որ նախկինում միջազգային բարձր ատյաններում չի բարձրաձայնվել այս խնդրի մասին: Ըստ նրա՝ դա եղել է Հայաստանի կողմից զիջում: «Կարծում եմ, որ Ազգային ժողովում իրավաբանական ձևակերպումով հռչակագիր պետք է ընդունվի, որով դիմում լինի միջազգային ատյաններ և քաղաքական առումով մեր դիվանագիտության մեջ արդեն իսկ կառավարությունը վճռական քայլերով լինի այդ հարցերի պահանջատերը»: Իսկ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանն էլ նշեց, որ սին երազներ փայփայել պետք չէ, մեր և թուրքերի միջև բարիդրացիական հարաբերություններ լինել չեն կարող: «Կոպիտ ասած, քա՞նի անգամ պիտի ջարդվենք, որ հասկանանք, որ թուրքը չի փոխվել և թուրքը երբևիցե չի փոխվելու մեր հանդեպ: Մեր ուզածը քիչ է, պետք է դա երկկողմանի լինի»: Չախալյանը վստահեցնում է՝ ոչինչ զիջելու չկա, պետք է ավելի հարձակվող քաղաքականություն որդեգրել: «Ինչ զիջման մասին է խոսքը, եթե իսկապես զիջելը լիներ հարցի լուծման բանալի, վաղուց հայերս տարածաշրջանում խնդիր չէինք ունենա»: Հավաքի մասնակիցները անմար կրակից վառված ջահով շարժվեցին դեպի Ազատության հարապարակ, որտեղ կարճ հավաք անցկացնելուց հետո ուղղություն կվերցնեն դեպի Եռաբլուր պանթեոն։