Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աէրոֆլոտ Օփեն. Հայ շախմատիստները կրնկակոխ հետապնդում են առաջատարներին

Սպորտ
a1chess-aeroflot

Մոսկվայում շարունակվում է շախմատի Աէրոֆլոտ Օփեն խոշոր մրցաշարը: Երեկ Ա խմբի մրցումներում միանգամից կայացան 4-րդ եւ 5-րդ տուրերի պարտիաները: Հայաստանի շախմատիստներից այդ քննությունը հաջող հանձնեցին Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք երկու հնարավորից վաստակեցին 1,5-ական միավոր: Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը բավարարվեցին մեկական միավորով: Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի միանձյա առաջատար Կրիշնան Սաշիկիրանին առայժմ զիջում է 1 միավոր, քանի որ վերջինս հաղթել է բոլոր պարտիաներում եւ ունի 5 միավոր: Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Շանթ Սարգսյանը վաստակել են 3-ական, իսկ Արամ Հակոբյանը՝ 2 միավոր: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի չինացի Ժիանչաո Ժուի հետ: Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցն է բելառուսցի Վլադիսլավ Կովալեւը, Մանուէլ Պետրոսյանինը՝ ռուսաստանցի Վադիմ Զվյագինցեւը, Շանթ Սարգսյանինը՝ ռուս Բորիս Գրաչեւը, Արամ Հակոբյանինը՝ ֆրանսիացի Գաբրիել Ֆրոմը: Բ խմբի մրցաշարում հաջող են հանդես գալիս Էլինա Դանիելյանը, որը հաղթանակ տոնեց 4-րդ տուրում, վաստակեց 3,5 միավոր եւ այժմ բաժանում է 2-6-րդ տեղերը: Նրանից կեսական միավոր քիչ ունեն Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը եւ Արթուր Դավթյանը: Մեր վետերան շախմատիստ Ռաֆայել Վահանյանն իր ակտիվում ունի 2 միավոր: Այսօր B խմբի մրցաշարում տեղի կունենան 5-րդ և 6-րդ տուրերը: Էլինա Դանիելյանի առաջին մրցակիցը ռուսաստանցի միջազգային վարպետ Սերգեյ Դրիգալովն է: Իսկ ահա Հովիկ Հայրապետյանը կմրցի Տիգրան Հարությունյանի հետ: