Այսօր Փետրվարյան ապստամբության օրն է
1921 թվականի փետրվարի 13-ին դաշնակացականների գլխավորությամբ Հայաստանում բռնկվեց քաղաքացիական ապստամբություն։ Ապստամբներն օգտվել էին այն հանգամանքից, որ Կարմիր բանակի զորամասերը դուրս էին եկել Հայաստանից՝ Վրաստանը խորհրդայնացնելու նպատակով։ Ժողովրդական ապստամբությունը և քաղաքացիական կռիվներն սկսվեցին տարերայնորեն և ընդգրկեցին մի քանի շրջաններ։ Փետրվարի 16-18-ը ապստամբները նախկին խմբապետերի գլխավորությամբ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Փետրվարի 18-ին Կուռո Թարխանյանի և գառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ ապստամբները մտան մայրաքաղաք, որտեղ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։ Մինչև հետ քաշվելը՝ բոլշևիկները մեկ գիշերվա ընթացքում կացնահարեցին Երևանի բանտում պահվող գրեթե բոլոր բանտարկյալներին։ Նրանց մեծ մասը նախկին պաշտոնյաներ ու ռազմական գործիչներ էին, ում բոլշևիկները ձերբակալել էին իշխանության գալուց անմիջապես հետո։ Կենդանի մնացած մտավորական բանտարկյալներին ապստամբներն ազատ արձակեցին։ Ապստամբությունը վիճակված էր պարտվելու, քանի որ հենվում էր ժողովրդական զանգվածների, առաջին հերթին՝ արևմտահայ գաղթական բնակչության աջակցության վրա։ Ռուսական 11-րդ բանակի ուժերի մի մասը Վրաստանից եկավ Հայաստան՝ ապստամբությունը ճնշելու և Երևանը վերագրավելու համար։ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև կնքվում է բարեկամության պայմանագիր։ Չիչերին-Աթաթուրք այդ պայմանագրով առանց Հայաստանի ներկայացուցչի Թուրքիային և Ադրբեջանին են զիջվում հայկական տարածքներ, այդ թվում՝ Նախիջևանը։ Ապրիլի 2-ին ապստամբությունը խեղդվում է։ Փետրվարյան ապստամբության օրն առաջին անգամ նշվեց 1988-ին՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ։