Մայիսից բանակցությունների մեջ ենք. վարչապետի արձագանքը երկաթգիծը փակելուն (տեսանյութ)
Ալավերդու պղնձաձուլարանի 100-ից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթգիծը և պահանջում են հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ: Աշխատակիցները նշում են, որ անորոշ վիճակում են և որևէ լուր չունեն գործարանի սեփականատիրոջ, ՎՏԲ բանկի և կառավարության միջև արդեն չորս ամիս տեղի ունեցող բանակցությունների մասին։ Այս մասին հայտնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը՝ հարց ուղղելով վարչապետին։ «Թեղուտի և Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված զարգացումներում գիտեք՝ ինչ է եղել ամենասկզբից, հետևյալը, որ ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրին և «Վալլեքս գրուպ» ընկերությանը 380 մլն դոլարի վարկ է տվել, ըստ ամենայնի, այդ վարկը տրվել է ոչ առանց քաղաքական միջամտության: Հիմա եկել է ժամանակ, երբ Թեղուտի հանքավայրը, «Վալլեքս գրուպ» ընկերությունը այդ վարկը վերցրել են և չեն կարողացել սպասարկել, որից հետո այդ ընկերությունը սնանկացել է կամ սնանկացման ճանապարհին է, անվճարունակության խնդիր կա: Մայիսից բանակցությունների մեջ ենք, որ ՎՏԲ-ն ու «Վալեքս»-ը գան համաձայնության: Կա խուճուճ, խառնված գրավների, պարտավորությունների համակարգ»,- եղավ Նիկոլ Փաշինյանի պատասխանը։ Մանրամասները՝ տեսանյութում