Նախորդների տնտեսական աճը բաշխվել է ընտրյալների միջև. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ամենևին էլ համակարծիք չէ, որ կառավարության ծրագիրը պետք է փոփոխվի, հակառակը՝ պնդում է, որ այն ընդունելի տարբերակ է: Նա վստահեցնում է՝ պարտադիր չէ, որ ծրագիրը թվերով խեղդված լիներ: «Այն տրամաբանական շեշտադրումները, որոնք կան ծրագրում դարձնում են այն ընդունելի։ Ըստ իս, կառավարության ծրագրում պետք է արձանագրված լինեն այն հիմնական քաղաքական ուղերձները, որոնք պետք է վավերացնի խորհրդարանը»։ Համեմատություն անցկացնելով նախորդ իշխանության կառավարության ծրագրի հետ, պատգամավորը նշում է, որ այն ժամանակ թվերը շատ էին, բայց այն ոչ մի ազդեցություն չէր ունենում հասարակության կյանքի վրա: « Նախկինում 7% -ը զգալի չէր քաղաքացու համար: Տնտեսական աճի ընթացքում ստացված արդյունքը արդար բաշխում չէր ունենում»: Դիտարկմանը, թե այս կառավարության նախատեսած առնվազն 5% տնտեսական աճը բարեկեցիկ կյանքով կապահովի հասարակությանը, Նազելի Բաղդասարյանը շեշտեց. «Նախորդ իշխանությունների օրոք եղել է որոշակի աճ, որը արձանագրվել է, բայց դրա բաշխումը եղել է ընտրյալների միջև: Այսինքն` քաղաքական վերնախավը բացառապես օգտվել է այդ արդյունքից, և սովորական քաղաքացու համար աճը բնավ զգալի չի եղել, մենք այսօր բացառել ենք ընտրյալների ինստիտուտը: