Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսի աշխատանքներին
Այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաեւ ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։ Այսօր կայացել են ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկեցին ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին: Ընտրությունից հետո կայացել են ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: Ութ տեղի հավակնում էին 10 թեկնածուներ: ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամներ են ընտրվել Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Անդրեյ Պավելկոն (Ուկրաինա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):